14:46  ,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին, Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

«Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը ներկա էին Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչեց Հայաստանի պետական օրհներգը, բարձրացվեց եռագույնը: Արարողությունն ընթացավ ուրախ մթնոլորտում:

Մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյան: Հուլիսի 23-ի առավոտյան դիմավորել ենք Ալբերտ Ազարյանին: Հուլիսի 24-ին մեզ կմիանան եւս մի քանի մարզիկներ, իսկ ամենից  շատ մասնակիցներ մեզ կմիանան հուլիսի 25-ին` մոտավորապես պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին: Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին»,- ասաց Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում։

«Մենք արդեն բնակվում ենք օլիմպիական ավանում: Մեր հարեւաններն են Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունները։
Ամենուրեք մարզական, մարտական տրամադրություն է: Լոնդոնը լի է միլիոնավոր զբոսաշրջիկներով եւ բոլորը խոսում են միայն Օլիմպիական խաղերի մասին: Եղանակը շատ փոփոխական է: Երկու օր առաջ 11 անգամ անձրեւ տեղաց: Այս պահին արեւ է, բայց երեկոյան ցրտում է»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով