14:46 23 հուլիսի, 2012Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին, Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը ներկա էին Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչեց Հայաստանի պետական օրհներգը, բարձրացվեց եռագույնը: Արարողությունն ընթացավ ուրախ մթնոլորտում:
Մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյան: Հուլիսի 23-ի առավոտյան դիմավորել ենք Ալբերտ Ազարյանին: Հուլիսի 24-ին մեզ կմիանան եւս մի քանի մարզիկներ, իսկ ամենից շատ մասնակիցներ մեզ կմիանան հուլիսի 25-ին` մոտավորապես պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին: Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին»,- ասաց Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում։
«Մենք արդեն բնակվում ենք օլիմպիական ավանում: Մեր հարեւաններն են Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունները։
Ամենուրեք մարզական, մարտական տրամադրություն է: Լոնդոնը լի է միլիոնավոր զբոսաշրջիկներով եւ բոլորը խոսում են միայն Օլիմպիական խաղերի մասին: Եղանակը շատ փոփոխական է: Երկու օր առաջ 11 անգամ անձրեւ տեղաց: Այս պահին արեւ է, բայց երեկոյան ցրտում է»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.