00:56  ,  9 հուլիսի, 2017

Գաբրիել Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի բանավեճը

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսին հանդես եկավ առաջարկով շախմատի դպրոցների քանակն ավելացնելու փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ուժեղ շախմատիստներ, չեմպիոններ պատրաստելուն:

«Իմ ելույթը չնախատեսված էր։ Բոլորը գովեցին, ես էլ ուզում եմ լինել քննադատողը։ Նշվեց, որ մենք ունենք շախմատի մարզիչների խնդիր, որ մարզերում ուսուցիչները, մարզիչները պետք է վերապատրաստում անցնեն։ Այստեղ առաջարկ հնչեց, որ լավ է՝ մեր գրոսմայստերների քանակն ավելանում է, թող դառնան գրոսմայտեր, գնան մարզիչ աշխատեն։ Ոչ, լավ չէ․․․ Սա սխալ մոտեցում է, ես որպես պրոֆեսիոնալ շախմատիստ դեմ եմ։ Ինչո՞ւ պետք է լավ մարզիկը գնա մարզչություն անի։

Այստեղ խոսվում է Հայաստանում շախմատային մարզադպրոցները շատացնելու մասին։ Ես չեմ տեսնում այդքան շատ մարզադպրոց ունենալու կարիքը։ Պետք չէ ամեն համայնքում մարզադպրոց կառուցել, դա ստեղծում է դասավանդողների պահանջ։ Իսկ գրոսմայստերը ստիպված, գումար վաստակելու համար կգնա ու մարզչություն կանի․․․ Դրա՞ համար ենք մենք դառնում չեմպիոններ, միջազգային կարգ ձեռք բերում։ Թող մարզիկը իր պրոֆեսիոնալ մարզաձեւով զբաղվի։ Այդ մեծ տարածքները, որ տրամադրում եք դպրոցներին, մեզ ի՞նչ են տալիս․․․

Մեզ արդյունքներ են պետք։ Դրա փոխարեն լավ կլինի լուրջ ֆինանսավորում անենք նոր սերնդին, նոր խաղացողներին, որ արդյունքներ գրանցենք։ Այսօր ունենք ոսկե սերունդ, միայն պետք է մի լուրջ ծրագիր եւ ֆինանսավորում այդ երեխաներին, ովքեր կարող են դառնալ հզոր շախմատիստներ։

Հիմա մենք ի՞նչ ենք անում: Ամբողջ Հայաստանով մեկ դպրոցներ ենք սարքում, որ մեր շախմատիստները դառնան գրոսմայստերներ եւ գնան, աշխատեն որպես մարզիչ։ Եվ սա իրականությունն է, քանի որ մեր գրոսմայստերները ֆինանսապես այնպիսի վիճակում են, որ ստիպված գնում են մարզչության, ծնողները դիմում են անհատական մարզումների, բնական է, դա ո՞ւմ ձեռնտու չէ․․․ Ստացվում է ուժեղ շախմատիստները շախմատ խաղալով քիչ են փող աշխատում, մարզելով՝ շատ»,- ասաց Գաբրիել Սարգսյանը, որը նաեւ Սերժ Սարգսյանի սանիկն է։

ՀՇՖ նախագահն արձագանքեց Հայաստանում շախմատի զարգացման ռազմավարության վերաբերյալ Օլիմպիադայի չեմպիոնի մոտեցմանը:

«Հիմա դու առաջարկում ես դպրոցները փակե՞նք․․․ Պրոֆեսիոնալ շախմատիստ լինելը դեռեւս չի նշանակում լինել շախմատի կազմակերպիչ։ Ես հարգում եմ կարծիքը, որ մենք պետք է անպայման երեխաներով զբաղվենք։ Մենք իրոք զբաղվում ենք երեխաներով եւ պարտադիր չէ, որ հանրությունն իմանա։ Եղել են դեպքեր, որ բնակարան էլ ենք ձեռք բերել, նյութական օժանդակություն էլ ենք ցուցաբերել։ Ես ուզում եմ, որ մենք բացի  5-6 գրոսմայստերից, ունենանք շախմատային մտածելակերպով եւս 50 հազար մարդ։

Շախմատը սովորեցնում է արդար հաղթել եւ արդար պարտվել։ Եթե մեր հանրության 5 տոկոսը այդ տրամաբանությամբ շարժվի, մեր երկիրը մեծ հնարավորություններ կունենա»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարը վերընտրվել է ՀՇՖ նախագահի պաշտոնում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով