19:43  +04,  3 հուլիսի, 2017

Արմեն Բաբալարյան. Ըմբիշների արդյունքներից եւ երկու բրոնզե մեդալից այդքան էլ գոհ չեմ

Ըմբիշների արդյունքներից եւ երկու բրոնզե մեդալից այդքան էլ գոհ չեմ: Թիմը պատրաստ էր ավելի շատ մեդալ նվաճելուն, իսկ բրոնզե մեդալակիրները կարող էին ավելին անել: Սա նշանակում է, որ դեռ շատ աշխատելու տեղ ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն՝ ամփոփելով հուլիսի 1-2-ը Դորտմունդում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը Դորտմունդից վերադառնում է երկու բրոնզե մեդալով: Երրորդ տեղ են գրավել  Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):

Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, բայց բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռումինացի ըմբիշին:

«60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի ձեռքի մատը դուրս ընկավ, խանգարեց ըմբիշին կապած մատով մինչեւ վերջ գոտեմարտել: Երկրորդ գոտեմարտի ժամանակ մատը դուրս ընկավ, տեղը գցեցինք, կապեցինք, մի քանի գոտեմարտել կապած մատով մասնակցեց, բայց արդեն չկարողացավ եզրափակիչ դուրս գալ: Մեր մյուս մեդալակիր Մալխաս Ամոյանն էլ դժվարացավ քաշի հետ կապված: 74 կգ քաշային կարգում է հանդես գալիս, բայց իր քաշը քիչ է մյուսների համեմատ, ինչն էլ զգացվեց գորգի վրա: Ուժը չբավարարեց:

Մյուս քաշային կարգերի ներկայացուցիչների մեդալի ակնկալիք ունեի Դավիթ Օվասապյանից (120 կգ): Բայց չգիտեմ, ինչու ստացվեց:

Դժգոհ եմ 66 կգ քաշային Զավեն Միքայելյանից, 84 կգ քաշային Արսեն Սարգսյանից: Լավ հանդես չեկան:

Արդեն ասել էի, որ թիմը նոր ձեւավորված է, ունենք նորեկներ, ովքեր տեղափոխվել էին պատանեկան հավաքականից: Կարծում էի Եվրոպայի առաջնությունը բարդ կլինի հենց նրանց համար, քանի որ առաջին անգամ էին 3 մրցափուլով գոտեմարտելու: Ստացվեց այնպես, որ իրենց արդարացրին մեր նորեկները, մեդալակիրներ դարձան երիտասարդներում առաջին քայլերն անող Հրաչյա Պողոսյանն ու Մալխաս Ամոյանը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Ավագ մարզիչը ըմբիշների ձախողումներում չի մեղադրում մրցավարներին: Ըստ նրա՝ վատ հանդես գալը մրցավարների խնդիրը չէ:

«Պարտությունները չեմ բարդի որեւէ մեկի վրա՝ մրցավարների կամ մարզիկների: Յուրաքանչյուր պարտություն նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Երբեք չեմ փորձում  մրցավարությունն ինձ ու իմ ըմբիշների համար խնդիր դարձնել: Մեր տղաները պետք է այնքան ուժեղ լինեն, որ մրցավարներին էլ հաղթեն: Այսպես եմ խնդիրը դրել: Չեմ սիրում, երբ մեղադրում են մրցավարներին»,- նշեց մարզիչը:

Թիմը կնախապատրաստվի օգոստոսի 3-ին Ֆինլադիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:

«Եվրոպայի առաջնությունն արդեն ընդգծում է աշխարհի առաջնության կազմը: Ովքեր լավ հանդես եկան Եվրոպայի առաջնությունում, նրան կմասնակցեն աշխարհի առաջնությանը, մյուսներին կորոշենք մարզումների ընթացքում»,- հայտնեց Արմեն Բաբալարյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ armnoc.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ