19:43 3 հուլիսի, 2017Ըմբիշների արդյունքներից եւ երկու բրոնզե մեդալից այդքան էլ գոհ չեմ: Թիմը պատրաստ էր ավելի շատ մեդալ նվաճելուն, իսկ բրոնզե մեդալակիրները կարող էին ավելին անել: Սա նշանակում է, որ դեռ շատ աշխատելու տեղ ունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն՝ ամփոփելով հուլիսի 1-2-ը Դորտմունդում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը Դորտմունդից վերադառնում է երկու բրոնզե մեդալով: Երրորդ տեղ են գրավել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):
Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, բայց բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռումինացի ըմբիշին:
«60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի ձեռքի մատը դուրս ընկավ, խանգարեց ըմբիշին կապած մատով մինչեւ վերջ գոտեմարտել: Երկրորդ գոտեմարտի ժամանակ մատը դուրս ընկավ, տեղը գցեցինք, կապեցինք, մի քանի գոտեմարտել կապած մատով մասնակցեց, բայց արդեն չկարողացավ եզրափակիչ դուրս գալ: Մեր մյուս մեդալակիր Մալխաս Ամոյանն էլ դժվարացավ քաշի հետ կապված: 74 կգ քաշային կարգում է հանդես գալիս, բայց իր քաշը քիչ է մյուսների համեմատ, ինչն էլ զգացվեց գորգի վրա: Ուժը չբավարարեց:
Մյուս քաշային կարգերի ներկայացուցիչների մեդալի ակնկալիք ունեի Դավիթ Օվասապյանից (120 կգ): Բայց չգիտեմ, ինչու ստացվեց:
Դժգոհ եմ 66 կգ քաշային Զավեն Միքայելյանից, 84 կգ քաշային Արսեն Սարգսյանից: Լավ հանդես չեկան:
Արդեն ասել էի, որ թիմը նոր ձեւավորված է, ունենք նորեկներ, ովքեր տեղափոխվել էին պատանեկան հավաքականից: Կարծում էի Եվրոպայի առաջնությունը բարդ կլինի հենց նրանց համար, քանի որ առաջին անգամ էին 3 մրցափուլով գոտեմարտելու: Ստացվեց այնպես, որ իրենց արդարացրին մեր նորեկները, մեդալակիրներ դարձան երիտասարդներում առաջին քայլերն անող Հրաչյա Պողոսյանն ու Մալխաս Ամոյանը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
Ավագ մարզիչը ըմբիշների ձախողումներում չի մեղադրում մրցավարներին: Ըստ նրա՝ վատ հանդես գալը մրցավարների խնդիրը չէ:
«Պարտությունները չեմ բարդի որեւէ մեկի վրա՝ մրցավարների կամ մարզիկների: Յուրաքանչյուր պարտություն նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Երբեք չեմ փորձում մրցավարությունն ինձ ու իմ ըմբիշների համար խնդիր դարձնել: Մեր տղաները պետք է այնքան ուժեղ լինեն, որ մրցավարներին էլ հաղթեն: Այսպես եմ խնդիրը դրել: Չեմ սիրում, երբ մեղադրում են մրցավարներին»,- նշեց մարզիչը:
Թիմը կնախապատրաստվի օգոստոսի 3-ին Ֆինլադիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:
«Եվրոպայի առաջնությունն արդեն ընդգծում է աշխարհի առաջնության կազմը: Ովքեր լավ հանդես եկան Եվրոպայի առաջնությունում, նրան կմասնակցեն աշխարհի առաջնությանը, մյուսներին կորոշենք մարզումների ընթացքում»,- հայտնեց Արմեն Բաբալարյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ armnoc.am
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.