16:23  ,  21 հունիսի, 2017

Մոսկվայի «Արարատի» փոխնախագահ. Մեր բոլոր հաղթանակները լինելու են Հայաստանինը

«Արարատ» թիմը կփորձենք դարձնել այնպիսի «Արարատ», ինչպիսին ունեցել է հայկական ֆուտբոլը, ինչպիսին կցանկանային տեսնել հայ ֆուտբոլասերները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մոսկվայում հիմնադրված «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը, ով թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բույանովի եւ թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արտակ Ալեքսանյանի հետ Մոսկվայից տեսակամրջի միջոցով հանդիպեց Հայաստանի լրագրողների հետ:

«Ակումբի անունը պատահական չէ ընտրված:  «Արարատը» հայկական բրենդ է, եւ մենք պետք է պահպանենք այդ բրենդը: Անունից էլ պարզ է, որ ֆուտբոլային ակումբը առնչվում է Հայաստանի հետ եւ բոլոր հաղթանակներն ու հաջողությունները լինելու են Հայաստանինը:

Ակումբը ստեղծվել է 2017 թվականի մարտին ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանի կողմից: Ակումբի նպատակներն ու ծրագրերը շատ են: Հենց մեկնարկից մեր առջեւ խնդիր էինք դրել մտնել Ռուսաստանի առաջին դիվիզիոն (ՖԱԼ): Մեր առաքելությունը Հայաստանի, Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի հայերին համախմբելն է այս ակումբի շուրջը, որպեսզի հետաքրքրվեն, երկրպագեն, գոտեպնդեն մեր ակումբի ֆուտբոլիստներին, գան մեր խաղերին, օգնեն իրենց ներկայությամբ մեծ անուն ձեռք բերել՝ ինչպես համաշխարհային ֆուտբոլում, այնպես էլ հայկական»,- ասաց ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը:

Թիմի մարզիչն ազգությամբ ռուս Սերգեյ Բույանովն է: Արդեն 10 օր ֆուտբոլիսների հետ աշխատելով մարզիչն իր առջեւ նպատակ է դրել Մոսկվայի «Արարատին» հասցնել այնպիսի հաջողությունների, ինչպիսին ունեցել է լեգենդար «Արարատ-73»-ը:

«Թիմը գլխավորելու առաջարկն ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի կողմից էր: Սիրով համաձայնեցի: Իմ առջեւ խնդիր դրվեց թիմը դարձնել ճանաչելի, այնպես անել, որ ֆուտբոլային թիմը դառնա Հայաստանի դեմքը:

Այս շրջանում ռուսական ֆուտբոլը խնդրի առաջ է կանգնած. երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտեր գնալով նվազում է: Շատ կցանկանայի, որ «Արարատը», գտնվելով Մոսկվայում, այնպիսի անուն ձեռք բերեր, որ մարդիկ գային մեր խաղերին, երկրպագեին մեզ: Ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի «Արարատ» թիմի խաղերն անցնեն լեփ-լեցուն տրիբունաներով, ֆուտբոլասերների համար լինեն իսկական տոն, ինչպիսին ժամանակին էր»,- նշեց Սերգեյ Բույանովը:

«Արարատ» թիմի ֆուտբոլիստներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, կիսապատշպան Արտակ Ալեքսանյանն է:

«Շատ ուրախ եմ, որ ակումբի առաջին անդամներից մեկն եմ: Վաղուց էի ճանաչում ակումբի նախագահին, եւ նա առաջարկեց լինել «Արարատի» ներկայացուցիչներից մեկը: Ես սիրով եւ մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Մեր մարզաշապիկների վրա պատկերված է Արարատը եւ, կարծում եմ, ցանկացած հայի համար կրծքին Արարատը կրելը, մեծ պատիվ է լինելու:

Արդեն ձեւավորված է թիմը: Հրաշալի ֆուտբոլիստն են համալրել ակումբը: Մեծ մասին նախկինում ճանաչում էի: Արդեն 10 օր աշխատում ենք միասին: Բոլորը շատ գոհ են մարզիչի աշխատանքից, մարզումային պրոցեսից: Այն խնդիրները, որոնք մեր առջեւ դրված է, առավելագույնս պետք է անենք, պատվով իրականացնելու համար:

 Ես հնարավորություն ունեցել եմ ազգային հավաքակում խաղալ: Այս պահին դեռեւս չեմ մտածում Հայաստանի հավաքական վերադառնալու մասին: Շատ կուզեի, բայց դեռեւս շատ անելիքներ կա, շատ աշխատել է պետք, խաղամակարդակը բարձրացնել, հետո նոր կմտածեմ ազգային հավաքական վերադառնալու մասին»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:

Ակումբի փոխնախագահի խոսքով թիմի անդամները միայն ազգությամբ հայ ֆուտբոլիստներ չեն լինելու:

«Կուզենայինք, որ «Արարատը» բաղկացած լիներ միայն հայ ֆուտբոլիստներից: Բայց Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար ֆուտբոլիստները պետք է ունենան ռուսական անձնագրեր: Կփորձենք այս ակումբում համախմբել աշխարհի հայերին ոչ միայն Ռուսաստանից եւ Հայաստանից: Արդեն համախմբել ենք շատ լավ ֆուտբոլիստների: Բոլորը լավ պատրաստված են: Մենք ունենք համապատասխան դրամական միջոցներ, որոնց շնորհիվ կարող ենք փնտրել եւ գտնել մեզ համապատասխան խաղացողներ: Արդեն կան ակումբի անդամ լինելու շատ ցանկացողներ: Ընտրությունը կանգ է առնելու լավ խաղացող ֆուտբոլիստների վրա, ովքեր կկարողանան իրենց առջեւ դրված պահանջները լիարժեք կատարել եւ օգնել թիմին հասնել բարձր արդյունքների»,- ասաց Անդրանիկ Քերոբյանն ու ավելացրեց.

«Հայաստանի առաջնությունը, հայկական ֆուտբոլը, ցավոք, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Մեր նպատակներից մեկն էլ հայկական ֆուտբոլի զարգացմանը զարկ տալն է, աճեցնել այնպիսի ֆոուտբոլիստների, ովքեր հետագայում կարող են համալրել Հայաստանի հավաքականը: Եթե մենք կարողանանք Հայաստանի ազգային հավաքականի համար կադրեր ստեղծել, մեր նպատակներից մեկը կհամարենք իրականացված»:

Նորաստեղծ թիմը պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնությանը:

«Մեկ ամիս ժամանակ ունենք մինչ Ռուսաստանի առաջնության մեկնարկը: Երկու  օրից մեկնում ենք Ավստրիա, որտեց կանցկացնենք երեք ընկերական խաղ՝ Հունգարիայի, Ռումինիայի եւ Գանայի թիմերի հետ: Կվերադառնանք հուլիսի 6-ին, ֆուտբոլիստները կանցնեն բուժզննում, հուլիսի 15-ին կանցկացնենք եւս մեկ գավաթային խաղ, բայց մրցակիցը դեռեւս հայտնի չէ եւ արդեն կմեկնարկենք Ռուսաստանի առաջնությունում:

Սպասելիքներ ունենք, կփորձենք լավ խաղ ցուցադրել: Բոլոր ֆուտբոլիստների առաջին պայմանն է խաղալ հաղթելու համար»,- նշեց Սերգեյ Բույանովը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով