10:43  ,  21 հունիսի, 2017

Ռոման Ամոյան. Սպորտից չեմ հեռացել, ըմբշամարտը իմ կյանքն է

Լինում են պահեր, որ ուզում եմ պաշտոնական հագուստը հանել, հագնել տրիկոն եւ գորգ դուրս գալ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզադահլիճում գտնվելու ընթացքում այսպես իր ապրումները նկարագրեց Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը, ով 2017թ. հունվարի 18-ին ավարտեց մարզիկի կարիերան:

2017 թվականի հունիսի 2-ին Ռոման Ամոյանը նշանակվեց սպորտի նախարարի խորհրդական: Պաշտոնը ստանձնելուն պես Ամոյանն անցել է գործի, սակայն ոչ զուտ գրասենյակային: Օլիմպիական մեդալակիրը կրկին մարզադահլիճում է, միայն մեկ տարբերությամբ՝ ոչ մարզական հագուստով եւ ոչ գորգի վրա:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ հանդիպումն էլ կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդական հավաքականների համատեղ մարզումներից մեկի ընթացքում, հենց մարզադահլիճում:

Ռոման, արդեն շուրջ մեկ ամիս է ստանձնել ես սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնը: Ճիշտ որոշո՞ւմ էր: Գուցե դու ավելի օգտակար լինեիր մարզիչի դերում:

Ուզում եմ նշել, որ սպորտից ես չեմ հեռացել՝ այս պաշտոնը ստանձնելով: Սպորտ, ըմբշամարտը, գորգն իմ կյանքն է: Իմ առաջին քայլերը սպորտում հենց գորգից են սկսվել: Ես միշտ կապված եմ եղել սպորտին եւ այդպես շարունակվելու է:

Աշխատանքս նախարարին ըմբշամարտի վերաբերյալ իմ խորհուրդներով օգտակար լինելն է: Աշխատանքս զուտ գրասենյակային չէ: Մշտապես լինում եմ մարզադահլիճներում, հետեւում եմ մեր հավաքականի մարզումներին, օգնում եմ մարզիչներին, փորձում եմ օգտակար լինել մեր թիմի տղաներին եւ երիտասարդներին գորգից դուրս, բայց գորգի կողքին: Այս ամենն իմ աշխատանքի անբաժան մասն է: Այս ընթացքում էլ մի քանի րոպե առաջ մարզադահլիճում էի եւ հետեւում էի մարզումներին: Հետեւում էի երիտասարդների մարզումներին, ովքեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ պատրաստվում են երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Ինչ վերաբերում է մեծահասակների հավաքականին, կարծում եմ՝ կկարողանամ օգտակար լինել մեր ուժեղ թիմին, ամեն ինչ կանեմ, որ ես էլ իմ լուման ունենամ նոր հաղթանակներ ձեռք բերելու մեջ: Հնարավորություններիս չափով կնպաստեմ հայկական սպորտի զարգացմանը: Հուսով եմ, կարդարացնեմ սպասելիքները:

Չե՞ս ափսոսում, որ ավարտեցիր մարզական կարիերադ:

Բնական է, որ ափսոսում եմ: Բայց սպորտում տարիքն իր դերն ունենում է եւ միշտ գալիս է այն ժամանակը, որ պետք է քո տեղը զիջես երիտասարդներին: Եթե ավելի երիտասարդ լինեի, կշարունակեի հանդես գալ գորգի վրա որպես մարզիկ: Բայց, ցավոք, այն տարիքում եմ, որ արդեն բավական է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Կարոտո՞ւմ ես գորգը:

Շատ, անչափ… Նոր հետեւում էի մարզումներին, կարծում եմ՝ նկատելի էր, որ չէի կարողանում կողքից, առանց գորգ դուրս գալու հետեւել: Լինում են պահեր, որ ուզում եմ հագիս պաշտոնական հագուստը հանել, հագնել տրիկոն եւ անմիջապես գորգ դուրս գալ: Մի ամբողջ կյանք եմ անցկացրել ըմբշամարտի գորգի վրա՝ 7 տարեկանից: Երբեմն շատ եմ ուզում կրկին հետ գնալ տարիներ առաջ եւ նորից մարզվել: Բայց հիմա էլ ուրիշները պետք է մարզվեն, երիտասարդները աճեն ու նոր հաղթանակներ բերեն մեր երկրին: Ես էլ կլինեմ նրանց օգնականը, խորհրդականը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս