13:40  +04,  19 հունիսի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Թբիլիսիի մրցաշարում, կարծես, հատուկ մտածված տեռոր լիներ Արթուր Ալեքսանյանի դեմ

Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպը, կարծես, հատուկ մտածված տեռոր լիներ Արթուր Ալեքսանյանի, Հայաստանի դեմ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ սկանդալով ավարտված եզրափակիչն ու օլիմպիական չեմպիոնի որակազրկումը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի մրցաշարում 98 կգ քաշայինների եզրափակիչի գոտեմարտի ընթացքում գորգի անկյունում կռիվ էր ծագել, որին խառնված է եղել ըմբիշի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացել է գորգից, ինչի համար  օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի որակազրկել են եւ զրկել արծաթե մեդալից:

«Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց վրացի ըմբիշի հետ, որը վստահեցնում եմ, լուրջ նվաճումներ չուներ: Բայց ըմբիշ է, որը ձգտում է դառնալ Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն եւ Արթուրին հաղթելը կլիներ մեծ նվաճում նրա համար: Գոտեմարտի 5,16 րոպեին հանդիսականների շրջանում տեղի ունեցավ տարաձայնություն, քանի որ անարդար միավորներ էր շնորհվում վրացի ըմբիշին: Իսկ Արթուր Ալեքսանյանը հենց մեկնարկից միայն հարձակվում էր:

Երկրպագուները չդիմացան եւ տեղի ունեցավ բախում հայ եր վրացի երկրպագուների միջեւ: Գոտեմարտը կանգնեցվեց եւ միջադեպը շարունակվեց 10-15 րոպե: Մարտավկաներին էլ ներքաշեցին այդ կռվի մեջ, մասնավորապես Արթուր Ալեքսանյանի հորը, ինձ: Սկսեցին քաշքշել Գեւորգ Ալեքսանյանին, եւ Արթուր Ալեքսանյանը չզսպեց իրեն, իջավ գորգից: Դա տեւել է մի պահ, նա եկավ երկրպագուներին խնդրեց, որ դադարեցնեն տարաձայնությունը, որպեսզի շարունակվի գոտեմարտը:

Բայց Արթուր Ալեքսանյանը օրենքի խախտում թույլ տվեց. գորգից հեռանալը պարտություն է, երկու միավոր մրցակցին եւ նկատողություն: Իսկ մրցաշարի գլխավոր մրցավարը թուրք էր եւ նա արեց այն, ինչ իրեն ձեռք էր տալիս եւ հաղթանակը շնորհեց վրացի ըմբիշին»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ՝ հունիսի 16-ին ֆեդերացիայի փոխնախագահները Լեւոն Ջուլֆալակյանի հետ դիմում են ուղարկել միջազգային ֆեդերացիային՝ մրցաշարի մրցավարներին պատժելու պահանջով:

«Միջադեպը սկսվեց հայ երկրպագուների կողմից, քանի որ բորբոքվել էին Արթուր Ալեքսանյանի մրցակցին հենց այնպես միավորներ նվիրաբերելու համար: Երկրպագուները բորբոքվել էին զուտ անարդար մրցավարության պատճառով: Մենք խնդրում ենք ու դիմում ենք միջազգային ֆեդերացիային, որ հետեւողական լինեն, մրցավարներն անաչառ մրցավարություն կատարեն, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան: Իրավունք չունեին Արթուր Ալեքսանյանին զրկել արծաթե մեդալից:

Ես միշտ դեմ եմ մրցաշարերը բոյկոտելուն: Նման մոտեցումներն ինձ համար անընդունելի են, քանի որ մարզիկները տարիներ շարունակ պատրաստվում են եւ ցանկանում մասնակցել մրցումների: Ես կողմ եմ միասնական նման միջադեպերի դեմ պայքարելուն: Պետք է բոլորս միասին անարդարության դեմ պայքարենք, բողոքարկենք միջազգային ֆեդերացիային, բայց բոյկոտելը ճիշտ չէ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հավեցել, որ արդեն այս օրերին սպասում են Միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչի պատասխանին:

«Ֆեդերացիան փոխնախագահների եւ գլխավոր մարզիչի հետ միասին քննարկել ենք,  նամակ գրել Լալովիչին, որպեսզի նա ուսումնասիրի միջադեպը: Բողոք ենք գրել, թե ինչպե՞ս կարող են մրցավարներն այդքան բացահայտ անարդար դատել, խնդրել ենք ուսումնասիրել միջադեպը, կան բոլոր ձայնագրությունները, որտեղ երեւում է՝ Արթուր Ալեքսանյանը որեւէ վիրավորանք, հայհոյանք չի տվել, չի քաշքշել որեւէ մեկին, զուտ խնդրել է հանդարտվեն, որպեսզի շարունակեն գոտեմարտը»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Լեւոն Ջուլֆալակյանն արդարացնում է Արթուր Ալեքսանյանի արարքը:

«Ցանկացած իրեն հարգող տղամարդ, եթե տեսնի, որ իր հորը տարբեր մարդիկ ուզում են քաշել, անպատվել, այդկերպ կվարվեր: Ո՞վ անտարբեր կանցներ այդ միջադեպի կողքով: Արթուրն իրեն շատ ճիշտ դրսեւորեց: Բայց, եթե տեսներ իր հորը քաշքշում են եւ անտարբերության մատներ, չմիջամտեր, ես իրեն չէի հարգի:

Այս միջադեպը, կարծում, եմ ավելի կոգեւորի Արթուր Ալեքսանյանին աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու եւ հանդես գալու համար»,- նկատեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով