Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել եւ հեռացել Հայաստանից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը այլեւս չի գլխավորի հավաքականը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռեւս պաշտոնապես չի հաստատել, սակայն չի հերքում շրջանառվող լուրերը:
2017 թվականի հունվարի 21-ից ազգային հավաքականը գլխավորած Արմեն Մկրտչյանն այս օրերին Հայաստանում չի գտնվում, վերադարձել է Բելգիա ընտանեկան խնդիրների պատճառով:
NEWS.am Sport-ի թղթակիցը խոսեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ, որը նաեւ ազատ ոճայինների նախկին գլխավոր մարզիչն է: Նա խուսափողական պատասխան տվեց՝ հայտնելով, որ ավելի մանրամասն հարցին ֆեդերացիան եւ մարզչական շտաբը կպատասխանեն հունիսի 19-ին:
NEWS.am Sport-ի տեղեկություններով օլիմպիական փոխչեմպիոնը Թբիլիսիի մրցաշարից առաջ Երեւանում վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացրել «Օլիմպավանում», որից հետո հեռացել է Հայաստանից: Արմեն Մկրտչյանը թիմի հետ նույնիսկ Վրաստան չի մեկնել:
Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոնը բնակվում էր Գերմանիայում, Հայաստան էր վերադարձել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եւ նշանակվել գլխավոր մարզիչ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի