Միհրան Հարությունյանը որեւէ կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Ես հենց նոր համացանցից տեղեկացա շրջանառվող լուրերին, Միհրանի հետ զրուցեցի, նա հայտնեց, որ կռվի վայրում եղել է, բայց չի մասնակցել: Այս պահին Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Միհրան Հարությունյանը, ըստ ռուսական Life.ru-ի, Մոսկվայի կենտրոնում կռվի է բռնվել իր ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, եւ իր մոտ եղած տրավմատիկ ատրճանակից կրակել եւ ոտքից վիրավորել է Ավետյանին:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն Սամվել Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց եւ բողոք չի ներկայացրել Միհրան Հարությունյանի դեմ: Ընկերները ոստիկանությանը պնդել են, որ կրակոցը հնչել է պատահաբար:
«Միհրան Հարությունյանը ոչ մեկի վրա չի կրակել, կռվի չի բռնվել որեւէ մեկի հետ: Այդ մասին փաստում է նաեւ ինքն անձամբ, ում հետ ես ինքս եմ խոսել: Նման միջադեպ եղել է, բայց մեր օլիմպիական փոխչեմպիոնը դրա մասնակիցը չի եղել: Դեպքը եղել է այսպես. Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում հայերի միջեւ կռիվ է ծագել, կրակոց է եղել, բայց Միհրանն այդ պահին այդտեղ չի եղել: Նրա անունը շրջանառվում է, քանի որ այնտեղ կայանված է եղել Միհրանի մեքենան: Ոստիկանությունը ուսումնասիրել է այնտեղ դեպքի պահին գտնվող մեքենաները, այդ թվում եւ Միհրանինը:
Այս պահին Միհրան Հարությունյանը գտնվում է հիվանդանոցում, բուժզննման է, քանի որ վաղը տեղի է ունենալու նրա ձեռքի վնասվածքի հերթական վիրահատությունը: Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանն արդեն վիրահատվել էր, նա արդեն աստիճանաբար մարզվում էր, բայց ոչ լիարժեք: Օրերս, հերթական բուժզննման արդյունքում պարզվել է, որ նրա ձեռքի ջլերից մեկը պոկված է եւ լիարժեք վերականգնվելու համար եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն կա:
Այս տարի Միհրան Հարությունյանը չի միանա մեր հավաքականին: Շատ էինք ցանկանում, որ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցեր, բայց այս տարի դեռեւս չի լինի հավաքականում: Վիրահատությունից հետո կրկին երկար վերականգնողական փուլ կանցնի:
Ինչ մնում է այդ խոսակցություններին, դրանք իրականությանը չհամապատասխանող լուրեր են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում