15:39 8 հունիսի, 2017Միհրան Հարությունյանը որեւէ կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Ես հենց նոր համացանցից տեղեկացա շրջանառվող լուրերին, Միհրանի հետ զրուցեցի, նա հայտնեց, որ կռվի վայրում եղել է, բայց չի մասնակցել: Այս պահին Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Միհրան Հարությունյանը, ըստ ռուսական Life.ru-ի, Մոսկվայի կենտրոնում կռվի է բռնվել իր ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, եւ իր մոտ եղած տրավմատիկ ատրճանակից կրակել եւ ոտքից վիրավորել է Ավետյանին:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն Սամվել Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց եւ բողոք չի ներկայացրել Միհրան Հարությունյանի դեմ: Ընկերները ոստիկանությանը պնդել են, որ կրակոցը հնչել է պատահաբար:
«Միհրան Հարությունյանը ոչ մեկի վրա չի կրակել, կռվի չի բռնվել որեւէ մեկի հետ: Այդ մասին փաստում է նաեւ ինքն անձամբ, ում հետ ես ինքս եմ խոսել: Նման միջադեպ եղել է, բայց մեր օլիմպիական փոխչեմպիոնը դրա մասնակիցը չի եղել: Դեպքը եղել է այսպես. Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում հայերի միջեւ կռիվ է ծագել, կրակոց է եղել, բայց Միհրանն այդ պահին այդտեղ չի եղել: Նրա անունը շրջանառվում է, քանի որ այնտեղ կայանված է եղել Միհրանի մեքենան: Ոստիկանությունը ուսումնասիրել է այնտեղ դեպքի պահին գտնվող մեքենաները, այդ թվում եւ Միհրանինը:
Այս պահին Միհրան Հարությունյանը գտնվում է հիվանդանոցում, բուժզննման է, քանի որ վաղը տեղի է ունենալու նրա ձեռքի վնասվածքի հերթական վիրահատությունը: Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանն արդեն վիրահատվել էր, նա արդեն աստիճանաբար մարզվում էր, բայց ոչ լիարժեք: Օրերս, հերթական բուժզննման արդյունքում պարզվել է, որ նրա ձեռքի ջլերից մեկը պոկված է եւ լիարժեք վերականգնվելու համար եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն կա:
Այս տարի Միհրան Հարությունյանը չի միանա մեր հավաքականին: Շատ էինք ցանկանում, որ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցեր, բայց այս տարի դեռեւս չի լինի հավաքականում: Վիրահատությունից հետո կրկին երկար վերականգնողական փուլ կանցնի:
Ինչ մնում է այդ խոսակցություններին, դրանք իրականությանը չհամապատասխանող լուրեր են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.