21:49  ,  4 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի դուբլը նպաստեց Հայաստանի հաղթանակին՝ 5:0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղում մրցեց Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով (ամենախոշորն է հավաքականի տնային խաղերում): Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ուներ հսկայական առավելություն: Մարզումային ռեժիմով ընթացած հանդիպման իրադարձությունների մեծ մասը հյուրերի տուգանային հրապարակի մոտ էր: Երկու գոլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ընդմիջմանը:

Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին: Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո Ռուսլան Կորյանը գրավեց դատարկ դարպասը: «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվողն առաջին գոլը խփեց ազգային թիմում: Հիշեցնենք, որ այս ռուսական թիմն առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր:

30-րդ րոպեին արդեն Կորյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Գեղեցիկ անցումից հետո աչքի ընկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 10 րոպե անց դարձավ նաեւ դուբլի հեղինակ: Գագիկ Դաղբաշյանը կատարեց արդյունավետ փոխանցում:

Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ նաեւ Արթուր Սարկիսովը: 68-րդ րոպեին նա դաշտի խորքից փոխանցում ստացավ Արաս Օզբիլիսից եւ անհատական անցումով դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց դարպասը:

Նախավերջին րոպեին էլ Արտակ Եդիգարյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից: Նա փորձում էր հետ փոխանցում կատարել դարպասապահին:

Հայաստանի հավաքականը հունիսի 10-ին Պոդգորիցայում աշխարհհի առաջնության ընտրական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ, որը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի թիմի հետ:

Ընկերական հանդիպում

Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս՝ 5:0 

Ռուսլան Կորյան, 19, Հենրիխ Մխիթարյան, 30, 40, Արթուր Սարկիսով, 68, Արտակ Եդիգարյան, 89

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան (Լեւոն Հայրապետյան, 72), Տարոն Ոսկանյան (Արմեն Մանուչարյան, 69), Գաել Անդոնյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան (Տիգրան Բարսեղյան, 46), Արաս Օզբիլիս (Նարեկ Ասլանյան, 69), Էդգար Մանուչարյան (Հրայր Մկոյան, 59), Ռուսլան Կորյան (Արթուր Սարկիսով, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում