18:17  ,  24 մայիսի, 2017

Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանն ու Թինա Կարապետյանը՝ Հայաստանի առաջնության եւ ՕԽ-2018-ին մասնակցելու հույսերի մասին

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտված գեղասահքի բաց առաջնությանը մասնակցած Հայաստանի առաջատար գեղասահորդները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեցին առաջնությունը: Առատաջար գեղասահորդները իրենց հավասարը չունեցան Հայաստանի բաց առաջնությունում եւ Հայաստանի չեմպիոնների տիտղոսներով ավարտեցին մրցելույթները Երեւանում:

Հայաստանի առաջատար գեղասահորդ, կանանց մենասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը գոհ է իր մասնակցությունից երեւանյան մրցապայքարում:

«Լավ արդյունքներ էին: Ուրախ եմ, որ կրկին Երեւանում եմ, որ մասնակցում եմ Հայաստանի առաջնությանը: Եկել եմ մեծ ոգեւորությամբ եւ դրական հույզերով: Հաջող հանդես եկա Հայաստանի առաջնությունում:

Հիմա արդեն կնախապատրաստվեմ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Պետք է ջանք ու եռանդ չխնայեմ Գերմանիայում հաջող հանդես գալու համար, քանի որ դա իմ վերջին հնարավորությունն է ընդգրկվելու օլիմպիական թիմում: Հույս ունեմ, որ ինձ մոտ ամեն ինչ հաջող կստացվի եւ ես օլիմպիական վարկանիշ կհավաքեմ ու կմասնակցեմ Օլիմպիական խաղերին: Նախատեսում եմ մոսկովյան մարզումներից բացի մարզումներ ունենալ Երեւանում՝ Իրինա Ռոդնինայի մարզադպրոցում: Երեւանյան հավաքը կլինի հունիսին: Հայաստանում հավաք կունենամ նաեւ Ծաղկաձորում:

Մինչեւ Գերմանիայի վարկանիշային մրցաշարը միջազգային մրցաշար ունենք Իտալիայում, սակայն դեռեւս վերջնական պարզ չէ՝ կմասնակցեմ, թե ոչ: Կարծում եմ այյդ մրցաշարը վերջին գլխավոր փորձս կլինի միակ օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Իսկապես շատ կարեւոր է ինձ համար Գերմանիայի վարկանիշային մրցաշարը, պետք է առանվազն 6-րդ տեղ գրավեմ, որպեսզի օլիմպիական վարկանիշ նվաճեմ»,- ասաց Անաստասիա Գալուստյանը:

Տղամարդկանց մենասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանին բավարարել է իր մասնակցությունը Հայաստանի բաց առաջնությունում, քանի որ ըստ նրա, 3 օրում է միայն կարողացել նախապատրաստվել:

«Շատ կարճ ժամանակ ունեի Հայաստանի առաջնությանը նախապատրաստվելու համար, քանի որ մրցումից մեկ շաբաթ առաջ առողջական խնդիրներ ունեցա եւ մարզվելու ժամանակ ուղղակի չունեի: Միայն երեք օր առաջ սկսեցի պատրաստվել: Մրցումային երկու օրերի ընթացքում՝ թե կարճ, թե  ազատ ծրագրում լավ հանդես եկա, նույնիսկ ինքս զարմացա, որ հնարավոր է 3 օր մարզվելու արդյունքում հասնել մարզավիճակի գագաթնակետին, վերակագնվել ու Հայաստանի չեմպիոն դառնալ:

Հաճելի է նման կազմակերպված առաջնության մասնակցել, սա խոսում է մեր մարզաձեւի զարգացման ու մասսայականություն վայելելու մասին: Կրկնակի ուրախ եմ, որ առաջնությունը բաց է եւ ունենք բազմաթիվ մասնակիցներ դրսից եւ բացի այդ գլխավոր մրցավարը ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկն էր:

Արդեն երկրորդ տարին է, որ մենք անցկացնում ենք Հայաստանի առաջնություն: Այն որ ես դարձա Հայաստանի չեմպիոն, դա չի նշանակում, որ մասնակիցները, մրցակիցներս թույլ են եւ այդքան էլ կարեւոր չէ լավ մարզավիճակում, թե վատ: Միշտ պետք է լինել լիարժեք լավ մարզավիճակում երեւանյան սառույց դուրս գալու համար:

Այժմ ծրագրում եմ փոքր-ինչ հանգստանալ, քանի որ միջազգային մրցահարթակում ավարտվել է գեղասահքի մրցաշրջանը: Հանգստից ու լիարժեք բուժումներից հետո կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- նշեց Սլավիկ Հայրապետյանը:

Գեղասահքի Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն արդեն երկրորդ անգամ են մասնակցում Հայաստանի բաց առաջնությանը: Եվ քանի որ նրանք միակ զույգն են եւ մրցակից զույգ չունեն, պայքարից դուրս են:

«Հպարտ ենք եւ ուրախ, որ հնարավորություն ունենք նաեւ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, Հայաստանի առաջնությունում: Ինքս շատ եմ ուրախացել, որ կրկին այստեղ եմ՝ իմ երկրում, քանի որ իրականում դժվար է լինել հայ ու այսքան քիչ լինել Հայաստանում: Հպարտ եմ, որ այսօր մասնակից եմ Հայաստանի առաջնությանը, տեսնում եմ այստեղ այսքան շատ փոքրիկ գեղասահորդների, երեխաների:

Առջեւում շատ կարեւոր ու պարտավորեցնող մրցաշար ունենք՝ Գերմանիայում օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հիմա ավելի շատ պետք է աշխատենք, որ լավ արդյունք ցույց տանք: Հնարավորություն ունենք օլիմպիական վարկանիշ նվաճել, ուղղակի պետք է շատ աշխատենք: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Հայաստանում մարզումներ ունեցանք առաջնությունից առաջ: Մենք եւ Անաստասիա Գալուստյանը միասին մի քանի օր մարզվեցինք: Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը շատ լավն է, մեծ է եւ լավ պայմաններ ունի մարզումներ կազմակերպելու համար: Հպարտ եմ, որ հայ փոքրիկները այսպիսի լավ դպրոց ունեն մարզվելու եւ իրենց սիրած մարզաձեւով զբաղվելու համար»,- ասաց Թինա Կարապետյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով