18:17 24 մայիսի, 2017Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտված գեղասահքի բաց առաջնությանը մասնակցած Հայաստանի առաջատար գեղասահորդները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեցին առաջնությունը: Առատաջար գեղասահորդները իրենց հավասարը չունեցան Հայաստանի բաց առաջնությունում եւ Հայաստանի չեմպիոնների տիտղոսներով ավարտեցին մրցելույթները Երեւանում:
Հայաստանի առաջատար գեղասահորդ, կանանց մենասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը գոհ է իր մասնակցությունից երեւանյան մրցապայքարում:
«Լավ արդյունքներ էին: Ուրախ եմ, որ կրկին Երեւանում եմ, որ մասնակցում եմ Հայաստանի առաջնությանը: Եկել եմ մեծ ոգեւորությամբ եւ դրական հույզերով: Հաջող հանդես եկա Հայաստանի առաջնությունում:
Հիմա արդեն կնախապատրաստվեմ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Պետք է ջանք ու եռանդ չխնայեմ Գերմանիայում հաջող հանդես գալու համար, քանի որ դա իմ վերջին հնարավորությունն է ընդգրկվելու օլիմպիական թիմում: Հույս ունեմ, որ ինձ մոտ ամեն ինչ հաջող կստացվի եւ ես օլիմպիական վարկանիշ կհավաքեմ ու կմասնակցեմ Օլիմպիական խաղերին: Նախատեսում եմ մոսկովյան մարզումներից բացի մարզումներ ունենալ Երեւանում՝ Իրինա Ռոդնինայի մարզադպրոցում: Երեւանյան հավաքը կլինի հունիսին: Հայաստանում հավաք կունենամ նաեւ Ծաղկաձորում:
Մինչեւ Գերմանիայի վարկանիշային մրցաշարը միջազգային մրցաշար ունենք Իտալիայում, սակայն դեռեւս վերջնական պարզ չէ՝ կմասնակցեմ, թե ոչ: Կարծում եմ այյդ մրցաշարը վերջին գլխավոր փորձս կլինի միակ օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Իսկապես շատ կարեւոր է ինձ համար Գերմանիայի վարկանիշային մրցաշարը, պետք է առանվազն 6-րդ տեղ գրավեմ, որպեսզի օլիմպիական վարկանիշ նվաճեմ»,- ասաց Անաստասիա Գալուստյանը:
Տղամարդկանց մենասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանին բավարարել է իր մասնակցությունը Հայաստանի բաց առաջնությունում, քանի որ ըստ նրա, 3 օրում է միայն կարողացել նախապատրաստվել:
«Շատ կարճ ժամանակ ունեի Հայաստանի առաջնությանը նախապատրաստվելու համար, քանի որ մրցումից մեկ շաբաթ առաջ առողջական խնդիրներ ունեցա եւ մարզվելու ժամանակ ուղղակի չունեի: Միայն երեք օր առաջ սկսեցի պատրաստվել: Մրցումային երկու օրերի ընթացքում՝ թե կարճ, թե ազատ ծրագրում լավ հանդես եկա, նույնիսկ ինքս զարմացա, որ հնարավոր է 3 օր մարզվելու արդյունքում հասնել մարզավիճակի գագաթնակետին, վերակագնվել ու Հայաստանի չեմպիոն դառնալ:
Հաճելի է նման կազմակերպված առաջնության մասնակցել, սա խոսում է մեր մարզաձեւի զարգացման ու մասսայականություն վայելելու մասին: Կրկնակի ուրախ եմ, որ առաջնությունը բաց է եւ ունենք բազմաթիվ մասնակիցներ դրսից եւ բացի այդ գլխավոր մրցավարը ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկն էր:
Արդեն երկրորդ տարին է, որ մենք անցկացնում ենք Հայաստանի առաջնություն: Այն որ ես դարձա Հայաստանի չեմպիոն, դա չի նշանակում, որ մասնակիցները, մրցակիցներս թույլ են եւ այդքան էլ կարեւոր չէ լավ մարզավիճակում, թե վատ: Միշտ պետք է լինել լիարժեք լավ մարզավիճակում երեւանյան սառույց դուրս գալու համար:
Այժմ ծրագրում եմ փոքր-ինչ հանգստանալ, քանի որ միջազգային մրցահարթակում ավարտվել է գեղասահքի մրցաշրջանը: Հանգստից ու լիարժեք բուժումներից հետո կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- նշեց Սլավիկ Հայրապետյանը:
Գեղասահքի Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն արդեն երկրորդ անգամ են մասնակցում Հայաստանի բաց առաջնությանը: Եվ քանի որ նրանք միակ զույգն են եւ մրցակից զույգ չունեն, պայքարից դուրս են:
«Հպարտ ենք եւ ուրախ, որ հնարավորություն ունենք նաեւ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, Հայաստանի առաջնությունում: Ինքս շատ եմ ուրախացել, որ կրկին այստեղ եմ՝ իմ երկրում, քանի որ իրականում դժվար է լինել հայ ու այսքան քիչ լինել Հայաստանում: Հպարտ եմ, որ այսօր մասնակից եմ Հայաստանի առաջնությանը, տեսնում եմ այստեղ այսքան շատ փոքրիկ գեղասահորդների, երեխաների:
Առջեւում շատ կարեւոր ու պարտավորեցնող մրցաշար ունենք՝ Գերմանիայում օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հիմա ավելի շատ պետք է աշխատենք, որ լավ արդյունք ցույց տանք: Հնարավորություն ունենք օլիմպիական վարկանիշ նվաճել, ուղղակի պետք է շատ աշխատենք: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Հայաստանում մարզումներ ունեցանք առաջնությունից առաջ: Մենք եւ Անաստասիա Գալուստյանը միասին մի քանի օր մարզվեցինք: Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը շատ լավն է, մեծ է եւ լավ պայմաններ ունի մարզումներ կազմակերպելու համար: Հպարտ եմ, որ հայ փոքրիկները այսպիսի լավ դպրոց ունեն մարզվելու եւ իրենց սիրած մարզաձեւով զբաղվելու համար»,- ասաց Թինա Կարապետյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.