23:49  ,  17 մայիսի, 2017

Թենիսի Հայաստանի պատանեկան առաջնություն. Թույլ մրցակցություն, անհույս վիճակ (ֆոտո)

Երեւանի «Թենֆորդ» թենիսի ակումբում մայիսի 15-ին մեկնարկել է պատանիների Հայաստանի բաց առաջնություն - Սլավիկ Հայրապետյանի հուշամրցաշարը:

Բաց առաջնությունն անցկացվում է  8, 10, 12, 14 եւ 16 տարիքային խմբերի մարզիկների միջեւ: Մասնակցում է 50 թենիսիստ Երեւանի «Թենֆորդ», «Incourt» եւ «Արարատ» ակումբներից, եւս 2 թենիսիստ Գյումրիից:

Հուշամրցաշարի գլխավոր մրցավար, «Թենֆորդ» ակումբի ավագ մարզիչ Ռոբերտ Ավետիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հուշամրցաշարը վարկանիշային է: 

 «Ըստ մեր ֆեդերացիայի օրացուցային պլանի, այս մրցաշարն անցկացնում ենք ամեն տարի մայիսին եւ վարկանիշային է: Հայ թենիսիտների համար այն վարկանիշներ է տալիս, ըստ որի էլ հետագայում կազմավորում ենք հավաքականները: Այս մրցաշարի հաղթողը կստանա 55 միավոր, 2-րդ տեղի արդյունքը 35 միավոր է տալիս, 3-րդ տեղինը՝ 25 միավոր: Բացի այդ, մյուս բոլոր մասնակիցներն, անկախ նրանից պարտվում են, դուրս մնում պայքարից, մասնակցության համար իրենց ունեցած միավորներին ավելացնում են 10 միավոր»,- ասաց հուշամրցաշարի գլխավոր մրցավար Ռոբերտ Ավետիսյան:

Պատանիների ներուժը, մրցակցությունը գլխավոր մրցավարը գնահատում է ցածր:

«Բաց առաջնության ընդհանուր պատկերն ու մասնակիցների քիչ քանակն ասում է, որ խաղամակարդակը ցածր է: Պատանիների շրջանում թենիսն այդքան էլ լավ զարգացում չի ապրում, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. նախ առկա կորտերը քիչ են երեխաների համար, բացի այդ մրցումներում մասնակցությունն է քիչ: Իսկ մասնակիցների քիչ քանակն արդեն ցածր մրցակցություն է տալիս: Օրինակ՝ այս մրցաշարում մասնակցող երեխաները թույլ են խաղում:

Հայաստանի բաց առաջնությունում լավ արդյունքներ ցույց տված երեխաները հնարավորություն ստանում են միջազգային մրցաշարերին մասնակցելու, բայց հատուկենտ երեխաներ են կարողանում մասնակցել այդ մրցաշարերին, քանի որ այդ մրցաշարերի հիմնական ծախսերը հոգում են ծնողները. մենք այլ աջակցություն չունենք»,- նշեց մարզիչը:

Ռոբերտ Ավետիսյանը դժգոհեց նաեւ մասնակիցների քիչ քանակից:

«Երկու տարի առաջ այս մրցաշարին մասնակցում էր 82 թենիսիտ, դրանից մի քանի տարի առաջ միայն մեկ տարիքային խմբում ունենում էինք 40 թենիսիստ: Գնալով մասնակիցների թիվը նվազում է, ինչը բացասաբար է ազդում մարզաձեւի զարգացման հարցում: Սա շղթայական խնդիր է: Թենիսը սիրված մարզաձեւ է, բայց կորտերն են քիչ երեխաների համար: Ծնողները նաեւ իրենց մեղքի բաժինն ունեն այսօրինակ քիչ մասնակցության մեջ: Հաճախ երեխաներն են որոշում՝ մասնակցեն մրցմանը, թե ոչ: Ծնողներն էլ լսում են իրենց երեխաներին եւ մարզիչներին թույլ չեն տալիս հայտագրել: Ու հիմնականում չհիմնավորված են այդ բացակայությունները. ծնողը չի հարցնում երեխային՝ ինչո՞ւ չես ցանկանում մասնակցել, բժշկի թուղթ չեն ներկայացնում:

Մտահոգիչ է, որ հանրապետության բաց առաջնությունում եկող սերնդի ներկայացուցիչների այսպիսի քիչ քանակ է գալիս: Մարզերը եւս պասիվ են: Այս հուշամրցաշարում ներկայացել է միայն Գյումրին, այն էլ՝ 2 մարզիկով: Շատ տխուր է, որ այս վիճակն է»,- մանրամասնեց մարզիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Պատանիների Հայաստանի բաց առաջնությունը կավարտվի մայիսի 24-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս