22:43  ,  6 մայիսի, 2017

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:  98 կգ քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտում Ալեքսանյանը 5:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը պարտվել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որը դուրս է եկել եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 4:3 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին:

Որակավորման փուլում Արթուր Ալեքսանյանը 4:0 հաշվով հաղթել էր լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, իսկ 1/8 եզրափակիչում՝ սերբ Միխեիլ Կայայային (5:1), որը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ծնկի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ դեռ մինչեւ անցած շաբաթ հարցականի տակ էր նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակիչում 10:2 հաշվով հաղթել է հույն Նիկոլաոս Լեոնին, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է հունգարացի Բալինտ Լամին, որը հասել է եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:4 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վիտալի Շչուրին եւ դուրս մնացել պայքարից:

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 1:3 հաշվով պարտվել է թուրք Ատական Յուկսելին: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը դարձյալ դուրս է մնացել պայքարից մեկնարկում (1/8 եզրափակիչ)՝ 2:3 հաշվով պարտվելով ադրբեջանցի Թալեհ Մամադովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում