11:54  ,  5 մայիսի, 2017

Ժոզե Մոուրինյո. Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը «Սելտայի» դարպասապահն էր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Վիգոյի «Սելտայի» նկատմամբ արտագնա հաղթանակը:

«Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից, բայց ոչ արդյունքից: Պետք է խփեինք ավելի շատ գոլեր, հատկապես՝ առաջին խաղակեսում: «Սելտայի» դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Այս արդյունքը մեզ առավելություն է տալիս դիմակայությունում, սակայն դեռ ոչինչ պարզ չէ:

Մենք խաղացինք բավականաչափ լավ, որպեսզի առաջին խաղակեսում փակեինք եզրափակիչ դուրս գալու հարցը, սակայն այժմ ստիպված ենք ամբողջ ուժով հանդես գալ պատասխան խաղում: Մեզ մեկ քայլ է բաժանում եզրափակիչից, բայց դա բարդ քայլ է: «Օլդ Տրաֆորդում» բոլորիս սպասվում է մեծ հանդիպում:

Մարկուս Ռեշֆորդը 19-ամյա երեխա է, որը շատ է սիրում ֆուտբոլ: Մարզումներից հետո նա 30 րոպե մնում է խաղադաշտում, որպեսզի իրացնի տուգանային հարվածներ, իսկ հետո սպասում է իր շանսին: Ռեշֆորդն աշխատում է այնքան շատ, որ մենք մոռանանք նրա տարիքի մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղացել էր 77 րոպե: Պատասխան խաղը կկայանա մայիսի 11-ին Մանչեսթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news