00:16  ,  5 մայիսի, 2017

Արմեն Մկրտչյանը՝ Սերբիայից. Մեր տղաներն ուժեղ են, ես էլ իմ խոսքի տերը եղա

Մեր տղաներն ուժեղ են, ես էլ իմ խոսքի տերը եղա՝ մեդալներ էի խոստացել եւ ստացվեց, ու դեռ վաղվա մեդալների ակնկալիք կա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը: Նովի Սադում ընթացող առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալներ են նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

«Ուրախ եմ, ամեն ինչ շատ լավ է: Իմ տղաներից գոհ եմ: Մարզիչներս եւ մարզիկները մեր առջեւ դրված առաջադրանքը կատարեցինք: Կարող էինք ավել անել, բայց բրոնզներն էլ վատ չի:

Վոլոդյա Ֆրանգուլյանի գոտեմարտը հրաշալի էր: 10:0 հաշիվը այն էր, ինչ նա պետք է աներ: Թուրքիայի մրցաշարում նա այս ըմբիշին տուշեով պարտվեց: Այստեղ նրանք կրկին հանդիպեցին, եւ Վոլոդյան պարտվելու կամ երկրորդ անգամ նույն սխալը թույլ տալու իրավունք չուներ. պատասխան մաքուր հաղթանակով՝ տուշեով հաղթեց:

Գրիգոր Գրիգորյանը լավ գոտեմարտեց: 9:3 հաշիվը եւս ինձ գոհացրեց: Բայց այս ամբողջ պայքարում՝ Գրիգորի պայքարում ես համարում եմ մեծ բացթողում կիսաեզրափակիչի գոտեմարտը, որում պարտությունը Գրիգորի մեղքով էր: Տակտիկական սխալը նրան պարտության բերեց, բայց Գրիգորյանը շատ լավ մարզավիճակում էր, պատրաստվել էր. ներքին խնդիր էր, որը նա ինքն իր վրա պետք է աշխատեր:

Գրիգորի եւ Վոլոդյայի մրցակիցներն իսկապես շատ ուժեղ էին եւ բոլոր մրցակիցներն էին ուժեղ: Սա Եվրոպայի առաջնությունն է եւ չի կարող թույլ ըմբիշ լինել: Բայց մենք էլ թույլ չենք, պատրաստվել ենք, երկար մարզումներ ունեցել, տանջվել, քրտնել: Արդյունքները պետք է լինեն: Ինձ այս պահին բրոնզները բավարարում են: Ավելին կարող էին լինել, բայց հիանալի է: Առաջին անգամ մեծահասակների մեջ շատ ուժեղ քաշում, շատ ուժեղ մրցակիցների մեջ 3-րդ պատվավոր տեղը հրաշալի արդյունք է: Դժվար, բայց հետաքրքիր, բարդ, լարված ու դիտարժան գոտեմարտերով հասանք այս մեդալներին:

Ես ինձ շատ լավ եմ զգում: Ինձ այստեղ բոլորը ճանաչում են, մոտենում, շնորհավորում են, ես էլ ինձ լավ եմ զգում, որովհետեւ արդյունքը ցույց տվեց մեր աշխատանքը:

Բայց չենք բավարարվի այսքանով: Դեռեւս երկու մասնակից ունենք: Կրկին տրամադրված ենք հաղթանակների, մեդալների: Հույս ունեմ, որ այսօրվա մեդալները կուրախացնեն եւ կոգեւորեն մեր վաղվա մասնակիցներին եւ նրանք էլ կհաղթեն»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով