16:56  ,  30 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» չպահպանեց հաղթական հաշիվը, բայց սահմանեց ակումբային ռեկորդ

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով ավարտեց ուելսյան «Սուոնսիի» դեմ տնային հանդիպումը:

Մանչեսթերցիներն անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի՝ առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածից խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 79-րդ րոպեն, բայց չկարողացան պահպանել առավելությունը: «Սուոնսիի» պատասխան գոլը տուգանային հարվածով խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին:

Ժոզե Մոուրինյոյի թիմը չօգտվեց երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից եւ 65 միավորով «Մանչեսթեր Սիթիի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» չպարտվեց Անգլիայի առաջնության 25-րդ խաղում անընդմեջ՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել են 2016-ի հոկտեմբերին՝ 4 անպատասխան գոլ բաց թողնելով «Չելսիից»: Դրանից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը տարել է 13 հաղթանակ եւ 12 հանդիպում ավարտել ոչ ոքի: «Մանչեսթեր Յունայթեդն» անպարտելի շարքի նախորդ ռեկորդը սահմանել էր 2010/2011 մրցաշրջանում, երբ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ չէր պարտվել 24 հանդիպում անընդմեջ:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 1:1

Ուեյն Ռունի, 45+3 (11մ) – Գիլֆի Սիգուրդսոն, 79

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Էշլի Յանգ, Էրիկ Բայի (Մատեո Դարմիան, 61), Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու (Անտոնիո Վալենսիա, 9), Անդեր Հերերա, Մայքլ Կարիկ, Ջեսի Լինգարդ, Անտոնի Մարտիալ, Ուեյն Ռունի (Հենրիխ Մխիթարյան 80), Մարկուս Ռեշֆորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում