17:39  +04,  28 ապրիլի, 2017

Գրիգոր Միքայելյան. Հայաստանի կարատեի ֆեդերացիան համախմբել է 26 ֆեդերացիաների եւ ասոցիացիաների (ֆոտո)

Կարատե մարզաձեւից միայն Հայաստանի կարատեի ֆեդերացիան է  ՀԱՕԿ-ի անդամ ու ցավալի է, որ արդեն լինելով օլիմպիական մարզաձեւ, մենք ունենք ընդամենը 4 հազար դոլարի պետական աջակցություն: 

Այս մասին լրագողների հետ զրույցում ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը:

«Անցյալ տարվանից կարատեն դարձավ օլիմպիական ձեւ: Հայաստանից աշխարհի կարատեի ֆեդերացիային պաշտոնապես անդամագրված է միայն Հայաստանի կարատեի ֆեդերացիան, այսինքն՝ մենք: Միայն մեր կարատեիստներն իրավունք ունեն մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի պաշտոնական առաջնություններին: Մենք անդամագրված ենք նաեւ կարատեի միջազգային ասոցիացիային: Պաշտոնապես ճանաչված ենք նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից եւ անդամ ենք ՀԱՕԿ-ին: Համագործակցում ենք նաեւ Հայաստանի սպորտի նախարարության հետ: Արդեն 10 տարի է՝ միակ կազմակերպությունն ենք, որը Հայաստանի կառավարության կողմից ընդգրկված է պետական աջակցության ծրագրի մեջ: Բայց մեր բյուջեն կազմում է ընդամենը 2 մլն դրամ, եւ երեւի մենք միակ ֆեդերացիան ենք, որ օլիմպիական ձեւ դառնալուց հետո բյուջեն շուրջ 4000 դոլար է:

Մենք 2018 թվականին ունենք երիտասարդների Օլիմպիական խաղերը, իսկ 2020-ին Տոկիոյի Օլիմպիական խաղեր, բայց մեր բյուջեն դեռ այսքան քիչ է եւ ֆինանսապես հնարավոր չէ: Պետք է վարկանիշային միավորներ հավաքենք Օլիմպիական խաղերի համար, բայց այս ֆինանսներով չենք կարող»,- ասաց Գրիգոր Միքայելյանը:

Ֆեդերացիայի նախագահը դժգոհեց նաեւ Հայաստանում առկա մի շարք այլ կարատեների ակումբներից, որոնք ըստ Միքայելյանի, շեղում են հասարակությանը իրական ու ճիշտ մարզաձեւերից:

«Այսօր շատ կազմակերպություններ կան, գրում են կարատե անունը, մեկ էլ լսում ենք՝ մասնակցել են մուայ թայի մրցման, տարել է հաղթանակ: Այս ամենը անհասկանալի է եւ ոչ պաշտոնական: Խառնում են, հասարակությանը շեղում իրականությունից: Եթե ես իմ երեխային տանեմ բժշկի, ես նախ կհետաքրքրվեմ, թե որքանով է այդ բժիշկը օրինական աշխատում, ինչ է իրենից ներկայացնում: Ինֆորմացիոն դաշտն է թյուր: Մենք փորձ ենք անում այսուհետ համակարգել այս իրավիճակը: Այդ առիթով Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան համախմբել է 26 ֆեդերացիաների եւ ասոցացիաների: Ունենք նաեւ 6 ոճային ֆեդերացիաներ: Ֆեդերացիաները պետք է փորձ կատարեն նոր օրենքները յուրացնել, եթե ուզում են Օլիմպիական խաղերի մասնակցել: Կփորձենք դաշտը վերակագնել»,- նշեց Գրիգոր Միքայելյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ