07:25  ,  10 ապրիլի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Այս կազմը դեռեւս մեր լիարժեք թիմը չէ, սա փորձարկում էր, նոր թիմ էր

Խորվաթիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած  տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է թիմի արդյունքները:

«Ինձ գոհացնում են մարզիկների արդյունքները: Սա այս պահին մեր մարզիկների առավելագույն հնարավորությունն էր, որ նրանք կարողացան անել, որովհետեւ մենք լիարժեք թիմով չէինք գնացել, երիտասարդներ էինք ուղարկել փորձարկման: Այս կազմը դեռեւս մեր լիարժեք թիմը չէ, սա փորձարկում էր, նոր թիմ էր, այն թիմը, որով գնալու ենք դեպի Օլիմպիական խաղեր: Ինձ ոչ ոք չզարմացրեց, բոլորն էլ արեցին այն, ինչին ընդունակ էին: Ինձ ավելի շատ ուրախացրին աղջիկները: Նրանք առաջին անգամ մեդալներ նվաճեցին մեծահասակների կազմում:

Լավ հանդես եկան նաեւ մեր նորեկները՝ իրենց չբարձրացրած քաշերը բարձրացրեցին: Դեռեւս աշխատելու տեղ ունենք, տեսնենք՝ ինչ կստացվի մինչեւ աշխարհի առաջնությունը: Անդրանիկ Կարապետյանը կատարեց ավելի շատ, քան սպասում էինք. 160 կգ պոկում, 175 կգ հրում: Ճիշտ է, մրցավարները չհաշվեցին եւ տեղին չհաշվեցին, քանի որ սխալը կար, բայց, ամեն դեպքում, նա գլխավերեւում պահեց այդ քաշը, ինչն ինձ շատ ուրախացրեց: Աշխարհի առաջնությանը կտեսնենք նոր ու բարձր արդյունք»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ. 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե: Խորվաթիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է 105 կգ քաշային, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչմեպիոնն է, +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր: Եվ երկու բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով