05:19  ,  10 ապրիլի, 2017

Սիմոն Մարտիրոսյան. Սպասված էր այս մեդալս, հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին

Խորվաթիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մեկնաբանել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը մեծահասակների մրցահարթակում:

«Սա իմ առաջին ոսկե մեդալն էր մեծահասակների կազմում: Եթե անկեղծ լինեմ, սպասված էր այս մեդալս, քանի որ արդեն գիտեինք, որ գնալու ենք ոսկե մեդալի հետեւից եւ վստահ գնում էինք ավելի լավ արդյունքներ բերելու համար: Բայց Եվրոպայի առաջնությունն ինձ համար ավելի շատ ստուգատես էր աշխարհի առաջնությունից առաջ: Այնտեղ իմ բոլոր մոտեցումներում ես արդյունքներիս բարելավում էի փորձում անել:

Թիմային հաշվարկում գրավեցինք 6-րդ տեղ: 6 մարզիկով էինք մեկնել: Ռուբենն ու Գոռը եւս հասան իրենց նպատակին, երկուսն էլ վերադարձան իրենց մեդալներով: Կարծում եմ քիչ մասնակիցներով լավ արդյունք ցույց տվեցինք:

Ես գնացել էի ոսկու հետեւից եւ շատ ուրախ եմ, որ իմ նպատակն իրականացավ: Պարտավորեցնող է այս մեդալը. պետք է այնպես անեմ, որ ամեն տարի ավելի բարձր արդյունքներով ու ոսկե մեդալներով վերադառնամ հայրենիք»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե որն է նորընծա Եվրոպայի չեմպիոնի, օլիմպիական փոխչեմպիոնի հաջողության գաղտնիքը, եւ ում է նվիրում այս հաղթանակը, Սիմոն Մարտիրոսյանը նշեց.

«Հաջողությանս գաղտնիքը մարզիչներիս լսելն է, քրտնաջան աշխատանքը, ռեժիմ պահելը: Այս հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին»:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ. 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե: Խորվաթիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է 105 կգ քաշային, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչմեպիոնն է, +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր: Եվ երկու բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով