04:59  ,  10 ապրիլի, 2017

«Զվարթնոցում» տոն էր. Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու մյուս մեդալակիրները վերադարձան Խորվաթիայից (ֆոտո)

Ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանի եւ մյուս մեդալակիների հետ այս գիշեր Խորվաթիայից վերադարձան Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր իսկական տոն էր. բազմաթիվ մարզասերներ կրկին համախմբվել էր օդանավակայանի սպասարահում՝ դիմավորելու չեմպիոնին ու մրցանակակիրներին: Ինչպես Ռիո-2016 Օլիմպիական խաղերի վերադարձի ժամանակ, այս գիշեր էլ նորընծա չեմպիոնին դիմավորելու էր եկել ամբողջ Հայկաշեն գյուղը: Հայկական սպորտի պաշտոնական ներկայացուցիչներից մեդալակիրներին դիմավորեց միայն սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

Չեմպիոններին դափնեպսակները հանձնեց Գաբրիել Ղազարյանը:   Եվրոպայի մեդալակիրներին դիմավորեցին չեմպիոնավայել, սակայն այս անգամ առանց զուռնա-դհոլի, երգուպարի:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ. 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե: Խորվաթիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է 105 կգ քաշային, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչմեպիոնն է, +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր: Եվ երկու բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցություն ունեցավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում արմունկի վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը, որը ծանր վնասվածքի ապաքինումից հետո առաջին փորձն էր կատարում մրցահարթակում նոր քաշային կարգում՝ 85 կգ: Անդրանիկ Կարապետյանը ցույց տվեց 5-րդ տեղի արդյունք:

Հայ մարզիկներին Խորվաթիա ուղեկցեցին եւ թիմի հետ վերադարձան տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, կանանց թիմին ուղեկցում էր հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով