22:33  ,  9 ապրիլի, 2017

Տաթեւ Հակոբյանը՝ Խորվաթիայից. Իսկական անակնկալ էր մեդալս

Մեդալ եմ նվաճելուս մասին իմացա մրցելույթիցս հետո. իսկական անակնկալ էր, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տաթեւ Հակոբյանը, որը հանդես եկավ 90 կգ քաշայինների պայքարում:

Հայ ծանրորդուհին երկամարտում հավաքեց 230 կգ (105+125): Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիեւան, որը երկամարտում գրանցեց 241 կգ եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վալենտինա Կիսիլին:

Տաթեւ, շնորհավորում եմ բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատես քո մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում:

Շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Մասնակցությունիցս գոհ եմ, քանի որ ինքս էլ չէի սպասում, որ մեդալ կնվաճեմ այս առաջնությունում: Մրցահարթակ դուրս գալիս մտածում էի ոչ թե մեդալ նվաճելու, այլ մարզիչների ակնկալիքներն արդարացնելու մասին:

Մեծահասակների կազմում սա քո առաջին լուրջ հաջողությունն էր: Բարդ  տրվե՞ց քեզ Եվրոպայի բրոնզե մեդալը:

Մեդալն այդքան էլ բարդ չտրվեց ինձ: Ես կատարեցի իմ առջեւ դրված խնդիրը: Մրցելույթի ընթացքում միայն այդ մասին էի մտածում: Այն մասին, որ մեդալ եմ նվաճել, իմացել եմ մրցելույթներս ավարտելուց հետո, եւ դա իսկական անակնկալ էր ինձ համար: Հուզված էի, զգացողություններս աննկարագրելի էին:

Ի՞նչ կտա Եվրոպայի բրոնզե մեդալը քո հետագա մարզական կարիերայում:

Այս մեդալն ինձ ավելի ուժեղ կդարձնի հոգեպես եւ առաջ շարժվելու խթան կլինի: Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ իմ նպատակն է հայոց եռագույնը ծածանել Օլիմպիական խաղերում:

Ինչպե՞ս ես ընտրել ծանրամարտը: Ի՞նչն է քեզ գրավել այս մարզաձեւում:

Դեռ մանկուց սիրել եմ ծանրամարտը: Մի փոքր բարդ էր ընտանիքիս անդամներին համոզելը, բայց ի վերջո ես կարողացա հասնել իմ նպատակին ու սկսեցի մարզվել Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում: Այժմ էլ մարզվում եմ այդ մարզադպրոցում մարզիչ Գագիկ Սեդրակյանի մոտ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով