22:33 9 ապրիլի, 2017Մեդալ եմ նվաճելուս մասին իմացա մրցելույթիցս հետո. իսկական անակնկալ էր, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տաթեւ Հակոբյանը, որը հանդես եկավ 90 կգ քաշայինների պայքարում:
Հայ ծանրորդուհին երկամարտում հավաքեց 230 կգ (105+125): Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիեւան, որը երկամարտում գրանցեց 241 կգ եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վալենտինա Կիսիլին:
Տաթեւ, շնորհավորում եմ բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատես քո մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում:
Շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Մասնակցությունիցս գոհ եմ, քանի որ ինքս էլ չէի սպասում, որ մեդալ կնվաճեմ այս առաջնությունում: Մրցահարթակ դուրս գալիս մտածում էի ոչ թե մեդալ նվաճելու, այլ մարզիչների ակնկալիքներն արդարացնելու մասին:
Մեծահասակների կազմում սա քո առաջին լուրջ հաջողությունն էր: Բարդ տրվե՞ց քեզ Եվրոպայի բրոնզե մեդալը:
Մեդալն այդքան էլ բարդ չտրվեց ինձ: Ես կատարեցի իմ առջեւ դրված խնդիրը: Մրցելույթի ընթացքում միայն այդ մասին էի մտածում: Այն մասին, որ մեդալ եմ նվաճել, իմացել եմ մրցելույթներս ավարտելուց հետո, եւ դա իսկական անակնկալ էր ինձ համար: Հուզված էի, զգացողություններս աննկարագրելի էին:
Ի՞նչ կտա Եվրոպայի բրոնզե մեդալը քո հետագա մարզական կարիերայում:
Այս մեդալն ինձ ավելի ուժեղ կդարձնի հոգեպես եւ առաջ շարժվելու խթան կլինի: Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ իմ նպատակն է հայոց եռագույնը ծածանել Օլիմպիական խաղերում:
Ինչպե՞ս ես ընտրել ծանրամարտը: Ի՞նչն է քեզ գրավել այս մարզաձեւում:
Դեռ մանկուց սիրել եմ ծանրամարտը: Մի փոքր բարդ էր ընտանիքիս անդամներին համոզելը, բայց ի վերջո ես կարողացա հասնել իմ նպատակին ու սկսեցի մարզվել Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում: Այժմ էլ մարզվում եմ այդ մարզադպրոցում մարզիչ Գագիկ Սեդրակյանի մոտ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.