17:13  ,  9 ապրիլի, 2017

Արթուր Ալեքսանյան. Ծնկի վնասվածք եմ ստացել, ջիլ է կտրվել

Մարզումների ընթացքում ծնկիս հատվածում փոքր վնասվածք եմ ստացել: Այդ շրջանում ուժգին ցավ ունեի: Այս պահին ամեն ինչ կարգավորվում է, ցավը մեղմացել է: Եթե այսպես շարունակվի, կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել էր որ, Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը եւ եթե մինչեւ այդ Ալեքսանյանն ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե վնասվածքը խանգարի նրան, ապա գյումրեցի ըմբիշին 98 կգ քաշային կարգում կփոխարինի Արթուր Շահինյանը:

«Ծաղկաձորյան հավաքի ընթացքում մարզումների ժամանակ ծնկի հատվածում ուժգին ցավեր ունեի: Ներքին վնասվածք եմ ստացել, ջիլ է կտրվել: Բուժզննում եմ անցել, տոկային բուժումներ ստացա: Ցավը փոքր-ինչ մեղմացել է: Այս պահին դեռ վերջնական պարզ չէ՝ կկարողանամ Եվրոպայի առաջնությանը մասնակցել, թե ոչ: Եթե այսպես շարունակվի, ու ցավը չուժգնանա, ամեն ինչ կվերականգնվի, կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը:

Մեր թիմը մեկնում է Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքի՝ Բելառուսի Ստայկի մարզաբազա: Ես նույնպես թիմի հետ կմեկնեմ: Այնտեղ արդեն վերջնական հասկանալի կլինի իմ մասնակցության հարցը: Այս պահին այդքան էլ ցավ չեմ զգում, այսպես եթե մնա, միանշանակ կմասնակցեմ»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Նշենք, որ ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորի մարզաբազայում: Հավաքից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց Եվրոպայի առաջնության մասնակիցների կազմը. Գեւորգ Ղարիբյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Սարգիս Քոչարյան (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ): 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը հայտնի կդառնա ապրիլի 25-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով