14:45  ,  7 ապրիլի, 2017

Սոնա Պողոսյան. Այս մեդալն ինձ ավելի մեծ ուժ կտա նպատակաուղղված գնալ դեպի Տոկիո-2020

Չէի հավատում, որ մեդալ կնվաճեմ, բայց մարզիչս՝ Արման Ղազարյանն, ասում էր՝ մեդալ է լինելու: Այս մեդալն ինձ ավելի մեծ ուժ կտա նպատակաուղղված գնալ դեպի Տոկիո-2020:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց այս օրերին ընթացող Եվրոպայի առաջնությունում 75 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած Սոնա Պողոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 227 կգ (101+126): Պայքարի հենց սկզբից Սոնա Պողոսյանն ընթանում էր չորրորդ տեղի արդյունքով, սակայն վերջին պահին այս քաշային կարգում ֆավորիտ համարվող Ուկրաինայի ներկայացուցիչը 0 ստացավ եւ Սոնա Պողոսյանը հայտնվեց երրորդ տեղում՝ արժանանալով բրոնզե մեդալին: Հայ մարզուհին նվաճեց նաեւ փոքր արծաթե մեդալ հրում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 126 կգ:

Եվրոպայի չեմպիոն դարձավ իսպանացի Լիդիա Վալենտինը՝ 252 կգ (115+137): Արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Մարիա Վոստրիկովայի արդյունքն է 238 կգ (113+125):

Սոնա, շնորհավորում եմ քեզ մեծահասակների կազմում առաջին մեդալիդ կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ: Երբ ռուս ծանրորդուհին ձախողեց իր մոտեցումները, գիտեի, որ փոքր մեդալ ունեմ ու արդեն շատ էի ուրախացել: Բայց երբ ուկրայինացին ձախողեց իր երեք մոտեցումները, ուղղակի չհասկացա՝ ինչ հետս կատարվեց: Շատ ուրախացա մեծ բրոնզի համար: Սա մեծահասակների կազմում իմ առաջին մեդալն էր: Ու կձգտեմ այնպես անել, որ վերջինը չլինի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ մեդալի ակնկալիքներ քեզանից չունեին: Իսկ դու ինքդ մեդալի հույս ունեի՞ր:

Ես նույնպես հույս չունեի, որ մեդալ կլինի, բայց մարզիչս՝ Արման Ղազարյանը, վերջին մոտեցումների ժամանակ ասում էր՝ «գնա ու դուխով բարձրացրու», հավատա, որ մեդալ է լինելու: Դե, իհարկե, չէի հավատում, բայց եղավ:

Ավելի մեծ պայքարի, ավելի բարձր տեղի պատրա՞ստ չէիր:

Սա ինձ համար արդեն իսկ մեծ պայքար էր: Ամեն մրցում ինչ-որ չափով պայքար ունի: Դեռեւս այսքանի էի պատրաստ: Չեմ հանձնվի եւ բոլոր մրցումներում կփորձեմ պայքարել ու մեդալով վերադառնալ:

Դու ձախողեցիր երկու մոտեցում: Ինչո՞ւ, ի՞նչը չստացվեց:

Ձախողեցի պոկում վարժության երկրորդ մոտեցումը՝ 101 կգ-ը եւ հրումի վերջին մոտեցումը՝ 128 կգ-ը: Չգիտեմ՝ ինչու չստացվեց: Բայց հավատով էի մոտենում ծանրաձողին բոլոր իմ մոտեցումների ժամանակ, վստահ նպատակով էի բարձրանում մրցահարթակ՝ ծանրաձողը գլխավերեւումս պահելու նպատակով:

Ի՞նչ կտա Եվրոպայի բրոնզե մեդալը քեզ եւ ի՞նչ կփոխի քո մարզական կարիերայում:

Քանի որ սա իմ առաջին լուրջ մեդալն ու նվաճումն է մեծահասակների կազմում, այս մեդալն ինձ կտա ավելի մեծ ոգեշնչում, հավատ սեփական ուժերի նկատմամբ, որ կարող եմ մեդալներ նվաճել եւ ավելի լավ արդյունքներ գրանցել: Իսկ մարզական կարիերայումս կնպաստի, որ ավելի նպատակաուղղված շարունակեմ մարզումներս դեպի Տոկիո-2020:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով