21:43  +04,  30 մարտի, 2017

Վիգեն Խաչատրյան. Մեր ժողովրդին ուրախացնելու ենք մեդալներով (ֆոտո)

Եվրոպայի առաջնությունից մեդալներ կունենանք, բայց թե քանիսը եւ ինչ գույների չեմ կարող ասել: Տղաները լավ մարզավիճակ ունեն եւ մենք մեծ ակնկալիքներն ունենք այս առաջնությունից: Իսկ Անդրանիկ Կարապետյանի համար սա կլինի վնասվածքից հետո առաջին փորձամրցումը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որի գլխավորությամբ այս օրերին ծանրորդներն առաջնությունից առաջ վերջին մարզումներն են անցկացնում Աբովյան քաղաքի մարզաբազայում:

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն ապրիլի 2-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: 

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականն Աբովյանից առաջ Եվրոպայի առաջնության նախապատրաստական հավաք ունեցան նաեւ Ծաղկաձորում, որը գլխավորում էր հավաքականի ավագ մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Իսկ կանանց հավաքականն ուսումնամարզական հավաքներ ունեցավ Աբովյանի, ապա Ծաղկաձորի մարզաբազայում: Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն, ով նաեւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, այս օրերին արդեն գտնվում է մրցավայրում կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

«Արդեն ավարտում ենք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը՝ Աբովյանի բազայում ուսումնամարզական հավաքով: Այս պահին տղաները լավ մարզավիճակ ունեն, պատրաստ ենք պայքարի: 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Անդրանիկ Կարապետյանը, ում համար այս Եվրոպայի առաջնությունը կլինի փորձամրցում՝ Օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից հետո: Մենք Անդրանիկից շատ մեծ արդյունքներ չենք ակնկալում: Այս առաջնությունով նա նորից կփորձի մեծ հարթակ բարձրանալ վնասվածքի ապաքինումից հետո, որպեսզի հետագայում կրկին կարողանա մեծ հարթակներում վստահ հանդես գալ:

94 կգ քաշային կարգում մեծահասակների կազմում առաջին անգամ իր ուժերը կփորձի Կարուշ Ղուկասյանը: Սա կլինի նրա առաջին փորձը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանի հետ իր ուժերը կփորձի նաեւ երիտասարդ ծանրորդ Սամվել Գասպարյանը: Այս քաշային կարգում մեդալների ակնկալիքներ ունենք:

Ծանր քաշային կարգում էլ հանդես կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, որոնցից եւս ակնկալիքներ ունենք»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Տղաների մարզավիճակի մասին հավաքականի մարզիչը նշեց, որ չնայած հավաքականի երիտասարդ մարզիկներով համալրվելուն, մարզիկները լավ մարզավիճակ ունեն:

«Տղաները լավ պատրաստված են, բոլորն էլ ունեն համապատասխան մարզավիճակ: Օլիմպիական խաղերից հետո թիմը համալրվել է երիտասարդ մարզիկներով, ովքեր եւս լավ մարզավիճակ ունեն: Եվրոպայի առաջնությունից արդեն լուրջ կազմով կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Ի դեպ՝ երիտասարդների եւ պատանիների լավ սերունդ ունենք, այսօր բոլորն էլ մրցունակ են միջազգային մրցահարթակներում, բոլորն էլ լավ պատրաստված են: Մեծասահակներում սերդնափոխությունն արդեն կատարվել է, մեծամասնությունը երիտասարդ կադրեր են եւ մեծ հույսեր ներշնչող: Արդեն սերնդափոխված հավաքականն այս պահից մեծ հույս են տալիս մյուս Օլիմպիական խաղերի համար»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Անդրանիկ Կարապետյանի վնասվածքին՝ հավաքականի մարզիչը շեշտեց, որ ծանրորդը հաղթահարել է մրցահարթակ դուրս գալու վախը եւ վնասվածքը կրկնվելու վախ մարզիկը եւ մարզչական շտաբը չունեն:

«Անդրանիկ Կարապետյանի արմունկը վնասվածքից հետո լիարժեք ապաքինվել է: Մտավախություն չունենք, որ վնասվածքը կկրկնվի: Նա մշտապես գտնվում է մեր բժշկի՝ Դավիթ Մուսինյանի հսկողության տակ: Բժիշկն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, եւ նա վստահ կարող է դուրս գալ մրցահարթակ եւ ծանրաձողը պահել գլխավերեւում: Մենք վստահում ենք թե մեր բժշկին, թե Անդրանիկին եւ հույս ունենք, որ արդեն աշխարհի առաջնությունում նա դուրս կգա պայքարի մեդալի համար, այլ ոչ թե հերթական փորձամրցման: Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի համար նախատեսել ենք պոկում վարժությունում 140-150 կգ, հրում վարժությունում 160 կամ դրան մոտ կիլոգրամներ:

Ինչ վերաբերում է վնասվածքից հետո հոգեբանական պատրաստականությանը՝ արդեն լավ է, բարձր է: Հիմա նրան ավելի շատ տանում ենք հոգեբանորեն մրցահարթակ դուրս գալու պատրաստականությունը բարձրացնելու եւ ամրապնդելու համար, վստահությունը վերականգնելու համար, քան ֆիզիկականի, քանի որ նրա ֆիզիկական ուժն արդեն տեղում է»,- մեկնաբանեց Վիգեն Խաչատրյանը:

Նշենք, որ ծանրամարտի կանանց հավաքական մրցավայր է մեկնելու 3 ծանրորդով՝ Իզաբելլա Յայլյան (58 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյան (90 կգ):  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ աղջիկներն արդեն ավարտել են ուսումնամարզական հավաքները եւ այս պահին Եվրոպայի առաջնության մասնակիցներից յուրաքանաչյուրը մարզվում է իր մարզադպրոցում՝միմյանցից անկախ:

Տղաների եւ աղջիկների թիմերը Խորվաթիա կմեկնեն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ