21:43 30 մարտի, 2017Եվրոպայի առաջնությունից մեդալներ կունենանք, բայց թե քանիսը եւ ինչ գույների չեմ կարող ասել: Տղաները լավ մարզավիճակ ունեն եւ մենք մեծ ակնկալիքներն ունենք այս առաջնությունից: Իսկ Անդրանիկ Կարապետյանի համար սա կլինի վնասվածքից հետո առաջին փորձամրցումը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որի գլխավորությամբ այս օրերին ծանրորդներն առաջնությունից առաջ վերջին մարզումներն են անցկացնում Աբովյան քաղաքի մարզաբազայում:
Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն ապրիլի 2-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականն Աբովյանից առաջ Եվրոպայի առաջնության նախապատրաստական հավաք ունեցան նաեւ Ծաղկաձորում, որը գլխավորում էր հավաքականի ավագ մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Իսկ կանանց հավաքականն ուսումնամարզական հավաքներ ունեցավ Աբովյանի, ապա Ծաղկաձորի մարզաբազայում: Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն, ով նաեւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, այս օրերին արդեն գտնվում է մրցավայրում կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

«Արդեն ավարտում ենք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը՝ Աբովյանի բազայում ուսումնամարզական հավաքով: Այս պահին տղաները լավ մարզավիճակ ունեն, պատրաստ ենք պայքարի: 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Անդրանիկ Կարապետյանը, ում համար այս Եվրոպայի առաջնությունը կլինի փորձամրցում՝ Օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից հետո: Մենք Անդրանիկից շատ մեծ արդյունքներ չենք ակնկալում: Այս առաջնությունով նա նորից կփորձի մեծ հարթակ բարձրանալ վնասվածքի ապաքինումից հետո, որպեսզի հետագայում կրկին կարողանա մեծ հարթակներում վստահ հանդես գալ:
94 կգ քաշային կարգում մեծահասակների կազմում առաջին անգամ իր ուժերը կփորձի Կարուշ Ղուկասյանը: Սա կլինի նրա առաջին փորձը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:



105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանի հետ իր ուժերը կփորձի նաեւ երիտասարդ ծանրորդ Սամվել Գասպարյանը: Այս քաշային կարգում մեդալների ակնկալիքներ ունենք:
Ծանր քաշային կարգում էլ հանդես կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, որոնցից եւս ակնկալիքներ ունենք»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:
Տղաների մարզավիճակի մասին հավաքականի մարզիչը նշեց, որ չնայած հավաքականի երիտասարդ մարզիկներով համալրվելուն, մարզիկները լավ մարզավիճակ ունեն:
«Տղաները լավ պատրաստված են, բոլորն էլ ունեն համապատասխան մարզավիճակ: Օլիմպիական խաղերից հետո թիմը համալրվել է երիտասարդ մարզիկներով, ովքեր եւս լավ մարզավիճակ ունեն: Եվրոպայի առաջնությունից արդեն լուրջ կազմով կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Ի դեպ՝ երիտասարդների եւ պատանիների լավ սերունդ ունենք, այսօր բոլորն էլ մրցունակ են միջազգային մրցահարթակներում, բոլորն էլ լավ պատրաստված են: Մեծասահակներում սերդնափոխությունն արդեն կատարվել է, մեծամասնությունը երիտասարդ կադրեր են եւ մեծ հույսեր ներշնչող: Արդեն սերնդափոխված հավաքականն այս պահից մեծ հույս են տալիս մյուս Օլիմպիական խաղերի համար»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:




Անդրադառնալով Անդրանիկ Կարապետյանի վնասվածքին՝ հավաքականի մարզիչը շեշտեց, որ ծանրորդը հաղթահարել է մրցահարթակ դուրս գալու վախը եւ վնասվածքը կրկնվելու վախ մարզիկը եւ մարզչական շտաբը չունեն:
«Անդրանիկ Կարապետյանի արմունկը վնասվածքից հետո լիարժեք ապաքինվել է: Մտավախություն չունենք, որ վնասվածքը կկրկնվի: Նա մշտապես գտնվում է մեր բժշկի՝ Դավիթ Մուսինյանի հսկողության տակ: Բժիշկն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, եւ նա վստահ կարող է դուրս գալ մրցահարթակ եւ ծանրաձողը պահել գլխավերեւում: Մենք վստահում ենք թե մեր բժշկին, թե Անդրանիկին եւ հույս ունենք, որ արդեն աշխարհի առաջնությունում նա դուրս կգա պայքարի մեդալի համար, այլ ոչ թե հերթական փորձամրցման: Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի համար նախատեսել ենք պոկում վարժությունում 140-150 կգ, հրում վարժությունում 160 կամ դրան մոտ կիլոգրամներ:
Ինչ վերաբերում է վնասվածքից հետո հոգեբանական պատրաստականությանը՝ արդեն լավ է, բարձր է: Հիմա նրան ավելի շատ տանում ենք հոգեբանորեն մրցահարթակ դուրս գալու պատրաստականությունը բարձրացնելու եւ ամրապնդելու համար, վստահությունը վերականգնելու համար, քան ֆիզիկականի, քանի որ նրա ֆիզիկական ուժն արդեն տեղում է»,- մեկնաբանեց Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ ծանրամարտի կանանց հավաքական մրցավայր է մեկնելու 3 ծանրորդով՝ Իզաբելլա Յայլյան (58 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյան (90 կգ): NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ աղջիկներն արդեն ավարտել են ուսումնամարզական հավաքները եւ այս պահին Եվրոպայի առաջնության մասնակիցներից յուրաքանաչյուրը մարզվում է իր մարզադպրոցում՝միմյանցից անկախ:
Տղաների եւ աղջիկների թիմերը Խորվաթիա կմեկնեն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.