Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի համար Երեւան ժամանած Ղազախստանի թիմը հայրենիք կվերադառնա մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ղազախստանի հավաքականի մամուլի քարտուղար Էրբոլ Կաիրովը:
«Գիշերը չկարողացանք մեկնել Աստանա, քանի որ եղավ այդ իրավիճակը: Մեկ ժամից կուղեւորվենք օդանավակայան, իսկ ժամը 16:00-ին թռիչքն է: Իհարկե, տեղի ունեցածը մեր տրամադրությունը չբարձրացրեց: Էմոցիաները մնացին ֆուտբոլային դաշտում, քանի որ տղաները շատ հոգնած տեսք ունեին: Սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ըմբռնումով մոտեցան ստեղծված իրավիճակին»,- զրույցում նշեց Էրբոլ Կաիրովը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքից քիչ անց արտակարգ վայրէջք էր կատարել անվադողերի հետ կապված խնդիրների պատճառով: Հետադարձ թռիչքը նախատեսված էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել էր, որ օդանավն ունի շասսիի անսարքություն, այդ պատճառով, անվտանգությունից ելնելով եւ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել եւ ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ղազախստանի հավաքականը Երեւան էր ժամանաել Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի համար եւ պարտվեց 0:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում