19:57  ,  25 մարտի, 2017

Ղազախստանի հավաքականի ավագ. Վաղը սպասվում է բարդ հանդիպում

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի ավագ Բաուիրժան Իսլամխանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության առաջիկա ընտրական խաղին:

«Վաղը սպասվում է բարդ հանդիպում: Մեր թիմի կազմում բոլորը պատրաստ են: Մարզիչն ասել է, որ պետք է դուրս գանք խաղադաշտ եւ միշտ ցույց տանք մեր բոլոր հնարավորությունները:

Թիմում բոլորը պատրաստ են: Ցավալի էր պարտվել Կիպրոսի հավաքականին, սակայն այժմ մտածում ենք վաղվա խաղի մասին: Պետք է ուրախացնենք մեր երկրպագուներին: Հոգեբանորեն արդեն վերականգնվել ենք այդ պարտությունից հետո:

«Ալաշկերտի» դեմ Եվրոպայի լիգայի խաղերից ունեմ լավ հիշողություններ: «Ալաշկերտը» լավ թիմ է: Այստեղի ֆուտբոլը լավն է: Հայաստանում խաղացել եմ մի քանի անգամ: Այժմ պայմանագիր ունեմ «Կայրաթի» հետ, սակայն եթե առաջարկ լինի կարող եմ տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն»,- ասաց ղազախական «Կայրաթի» կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ղազախստան խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով