01:36  ,  15 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսն» ու «Լեսթերը» շարժվում են առաջ

Թուրինի «Յուվենտուսը» եւ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր: 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբը 2:0 հաշվով հաղթեց իսպանական «Սեւիլիային», որին հյուրընկալվելիս պարտվել էր 1:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում 10 խաղացողներով մնացած «Սեւիլիան» 80-րդ րոպեին 11 մետրանոցի հարվածի իրավունք ստացավ 2:0 հաշվի ժամանակ, սակայն ֆրանսիացի կիսապաշտպան Ստիվեն Նզոնզիի հարվածից հետո դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը փրկեց «Լեսթերին»:

«Յուվենտուսը» Թուրինում նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց «Պորտուից»: Պորտուգալիայում կայացած խաղում եւս հաղթել էր Իտալիայի չեմպիոնը (2:0):

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Հիշեցնենք, որ «Լեսթերն» այս մրցաշրջանում է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում, իսկ «Սեւիլիան» Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է եւ ուղեգիր էր նվաճել այդ մրցաշարում հաղթելու շնորհիվ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:0)

Պաուլո Դիբալա, 42 (11մ)

Հեռացում՝ Մաքս Պերեյրա, 41 («Պորտու»)

«Լեսթեր» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:2)

Ուես Մորգան, 27, Մարկ Օլբրայթոն, 54

Հեռացում՝ Սամիր Նասրի, 74 («Սեւիլիա»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ստիվեն Նզոնզի, 80 («Սեւիլիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում