18:57  ,  1 մարտի, 2017

Սեյրան Հարությունյան. Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկի միջազգային մրցաշարին հրավիրված օտարերկրացիները չեն եկել (ֆոտո)

Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը պետք է լիներ միջազգային մրցաշար,  բայց քանի որ հրավիրված երկրներից ոչ մի մարզիկ չի եկել, միջազգային մրցաշարն անցկացնում ենք մեր մարզիկներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցում է 36 լեռնադահուկորդ բոլոր տարիքային խմբերից: Մրցութային առաջին օրը լեռնադահուկորդները պայքարեցին հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում: Այս ոճում Հայաստանի չեմպիոն դարձավ Արսեն Ներսիսյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Աշոտ Կարապետյանը, 3-րդ տեղում՝ Վազգեն Առաքելյանն էր:

«Հայաստանի առաջնությանը մասնակցող 36 մարզիկներից 26-ը օլիմպիական վարկանիշային միավորների համար են պայքարելու: Հայաստանի բաց առաջնությանը զուգահեռ պետք է անցկացնեինք նաեւ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար: Պետք է Վրաստանից եւ մի քանի այլ երկներից գային, մասնակցեին միջազգային մրցաշարին, բայց, ցավոք, չեկան: Եվ հիմա մենք մեզանով ենք անցկացնում այդ մրցաշարը, որի արդյունքներով նաեւ Հայաստանի առաջնության արդյունքներն ենք գրանցելու: Միջազգային մրցաշարը մենք մեզանով ենք անցկացնում, քանի որ օլիմպիական վարկանիշային միավորներ է այն տալիս: Ստացվում է՝ ինքներս մեզ կարող ենք օլիմպիական վարկանիշներ տալ:  Օրինակ՝ հատուկ ոլորավայրէջք մրցաձեւի հաղթող Արսեն Ներսիսյանը 104 միավոր վաստակեց եւ լիարժեք իրավունք ստացավ մասնակցել 2018թ. Օլիմպիական խաղերին: Բայց, քանի որ նա երկար ժամանակ բաց էր թողել մրցաշարերը, գուցե նրա բացթողումները ազդեն վարկանիշային միավորների վրա: Այդ պատճառով հստակ չեմ ասում, թե նա լիիրավ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեց»,- ասաց Սեյրան Հարությունյանը:

Լեռադահուկորդների ավագ մարզիչի խոսքով Հայաստանում լեռնադահուկային սպորտը նոր էջից է սկսում աճել:

«Հայաստանում լեռնադահուկային սպորտը ջնջել եւ նոր էջից ենք սկսել զարգացնել: Մեր լավագույն լեռնադահուկորդները 16 եւ 17 տարեկաններն են, իսկ մեծահասակ մարզիկները, ովքեր ներկայացնում էին մեր երկիրը միջազգային մրցասպարեզում, այնպես է ստացվել, որ այլեւս հանդես չեն գալիս այս մարզաձեւում: Եվ մենք պետք է ամեն ինչ սկսենք սկզբից: Մենք ունեցել ենք լավ, ուժեղ մարզիկներ, բայց հիմա ստիպված ենք ամեն ինչ դնել մի կողմ եւ 0-ից աճեցնել նոր սերնդին, նոր մարզիկներին»,- նշեց ավագ մարզիչը:

Հայաստանի առաջնությունից հետո հայ լեռնադահուկորդները Ավստրիայում կմասնակցեն միջազգային վարկանիշային մրցաշարի:

«Պետք է շատ վարկանիշային մրցաշարերի մասնակցենք, որպեսզի օլիմպիական միավորներ հավաքենք: Մեր մարզիկներն արդեն մոտեցել են օլիմպիական ուղեգրերին: Այս տարվա վերջին՝ դեկտեմբերին, եթե ոչ 2, հստակ 1 օլիմպիական ուղեգիր կունենանք: Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն Աշոտ Կարապետյանը, Հարություն Հարությունյանը, Վազգեն Առաքելյանը եւ Գրիշա Վարդանյանը: Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը շատ մոտ են օլիմպիական ուղեգրին»,- հույս հայտնեց Սեյրան Նիկողոսյանը:

Մարզիչը դժգոհեց նաեւ մարզիկների մարզումները կազմակերպելու պայմանների բացակայությունից.

«Մեր մարզիկները մրցաշարերին պատրաստվում են հիմնականում դրսում: Հայաստանում մենք մարզվելու մեծ խնդիր ունենք: Նախ եղանակային պայմանները, ապա նաեւ մարզվելու տեղի խնդիր ունենք: Ծաղկաձորում այդքան էլ շատ չենք կարողանում մարզվել, այս տարի մեկ օր են լեռնադահուկորդներն այստեղ մարզվել: Մասնավոր տարածք է»:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով