18:57 1 մարտի, 2017Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը պետք է լիներ միջազգային մրցաշար, բայց քանի որ հրավիրված երկրներից ոչ մի մարզիկ չի եկել, միջազգային մրցաշարն անցկացնում ենք մեր մարզիկներով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը:
Առաջնությանը մասնակցում է 36 լեռնադահուկորդ բոլոր տարիքային խմբերից: Մրցութային առաջին օրը լեռնադահուկորդները պայքարեցին հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում: Այս ոճում Հայաստանի չեմպիոն դարձավ Արսեն Ներսիսյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Աշոտ Կարապետյանը, 3-րդ տեղում՝ Վազգեն Առաքելյանն էր:
«Հայաստանի առաջնությանը մասնակցող 36 մարզիկներից 26-ը օլիմպիական վարկանիշային միավորների համար են պայքարելու: Հայաստանի բաց առաջնությանը զուգահեռ պետք է անցկացնեինք նաեւ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար: Պետք է Վրաստանից եւ մի քանի այլ երկներից գային, մասնակցեին միջազգային մրցաշարին, բայց, ցավոք, չեկան: Եվ հիմա մենք մեզանով ենք անցկացնում այդ մրցաշարը, որի արդյունքներով նաեւ Հայաստանի առաջնության արդյունքներն ենք գրանցելու: Միջազգային մրցաշարը մենք մեզանով ենք անցկացնում, քանի որ օլիմպիական վարկանիշային միավորներ է այն տալիս: Ստացվում է՝ ինքներս մեզ կարող ենք օլիմպիական վարկանիշներ տալ: Օրինակ՝ հատուկ ոլորավայրէջք մրցաձեւի հաղթող Արսեն Ներսիսյանը 104 միավոր վաստակեց եւ լիարժեք իրավունք ստացավ մասնակցել 2018թ. Օլիմպիական խաղերին: Բայց, քանի որ նա երկար ժամանակ բաց էր թողել մրցաշարերը, գուցե նրա բացթողումները ազդեն վարկանիշային միավորների վրա: Այդ պատճառով հստակ չեմ ասում, թե նա լիիրավ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեց»,- ասաց Սեյրան Հարությունյանը:
Լեռադահուկորդների ավագ մարզիչի խոսքով Հայաստանում լեռնադահուկային սպորտը նոր էջից է սկսում աճել:
«Հայաստանում լեռնադահուկային սպորտը ջնջել եւ նոր էջից ենք սկսել զարգացնել: Մեր լավագույն լեռնադահուկորդները 16 եւ 17 տարեկաններն են, իսկ մեծահասակ մարզիկները, ովքեր ներկայացնում էին մեր երկիրը միջազգային մրցասպարեզում, այնպես է ստացվել, որ այլեւս հանդես չեն գալիս այս մարզաձեւում: Եվ մենք պետք է ամեն ինչ սկսենք սկզբից: Մենք ունեցել ենք լավ, ուժեղ մարզիկներ, բայց հիմա ստիպված ենք ամեն ինչ դնել մի կողմ եւ 0-ից աճեցնել նոր սերնդին, նոր մարզիկներին»,- նշեց ավագ մարզիչը:
Հայաստանի առաջնությունից հետո հայ լեռնադահուկորդները Ավստրիայում կմասնակցեն միջազգային վարկանիշային մրցաշարի:
«Պետք է շատ վարկանիշային մրցաշարերի մասնակցենք, որպեսզի օլիմպիական միավորներ հավաքենք: Մեր մարզիկներն արդեն մոտեցել են օլիմպիական ուղեգրերին: Այս տարվա վերջին՝ դեկտեմբերին, եթե ոչ 2, հստակ 1 օլիմպիական ուղեգիր կունենանք: Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն Աշոտ Կարապետյանը, Հարություն Հարությունյանը, Վազգեն Առաքելյանը եւ Գրիշա Վարդանյանը: Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը շատ մոտ են օլիմպիական ուղեգրին»,- հույս հայտնեց Սեյրան Նիկողոսյանը:
Մարզիչը դժգոհեց նաեւ մարզիկների մարզումները կազմակերպելու պայմանների բացակայությունից.
«Մեր մարզիկները մրցաշարերին պատրաստվում են հիմնականում դրսում: Հայաստանում մենք մարզվելու մեծ խնդիր ունենք: Նախ եղանակային պայմանները, ապա նաեւ մարզվելու տեղի խնդիր ունենք: Ծաղկաձորում այդքան էլ շատ չենք կարողանում մարզվել, այս տարի մեկ օր են լեռնադահուկորդներն այստեղ մարզվել: Մասնավոր տարածք է»:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.