23:22  ,  27 փետրվարի, 2017

Հովհաննես Բաչկով. Ամեն ինչ տանում է դեպի Տոկիո-2020

Հայկական բռնցքամարտը երբեք էլ հետընթաց չի ապրել: Եթե չլինեն մրցավարական անարդարությունները, մենք մրցաշարերից միշտ էլ մեդալներով կվերադառնանք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ, Ռիո-2016-ի մասնակից Հովհաննես Բաչկովը: Նա փետրվարի 26-ին նվաճել է Սոֆիայում ավարտված «Ստրանջա-2017» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը 64 կգ քաշային կարգում:

Հովհաննես, երկար տարիների դադարից հետո քեզ հաջողվեց Սոֆիայի մրցաշարում ոսկե մեդալ նվաճել: Բարդ տրվե՞ց հաղթանակը:

Հեշտ տրվող հաղթանակներ չեն լինում: Բարդ էր: 5 մենամարտ անցկացրեցի, 5 մրցակիցներս էլ շատ ուժեղ էին: Ջանասիրաբար աշխատել էի, լավ մարզավիճակ ունեի, հոգեպես էլ պատրաստ էի, այդ պատճառով կարողացա բոլորին հաղթել: Չեմ առանձնացնի մրցակիցներիցս որեւէ մեկին: Իսկապես ուժեղ մրցաշար է: Ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել: Ռիոյից առաջ Վենեսուելայի միջազգային վարկանիշային մրցաշարում եւս ոկսե մեդալակիր դարձա, այստեղ նույն տրամադրվածությամբ ռինգ դուրս եկա հաղթանակի ակնկալիքով:

Հավաքականի մարզիչ Դավիթ Թորոսյանը նշել է, որ քո հաղթանակը հայկական բռնցքամարտի ավանդույթները եւ հաղթանակները վերականգնելու հույս է ներշնչում: Դու նույնպե՞ս այդպես ես մտածում:

Այնպես չէ, որ մեր բռնցքամարտը այս հաղթանակից առաջ հետ էր գնացել, կամ հետընթաց էր ապրում: Հայկական բռնցքամարտը միշտ էլ իր գագաթնակետին է եղել, ուղղակի այլ հանգամանքներով պայմանավորված, մրցավարական անարդարություններ են միշտ եղել, որոնք անբացատրելի են, այդ պատճառով էլ մեդալներ չենք նվաճել: Եթե այս հանգամանքները վերանան, մենք բռնցքամարտում միշտ էլ մեդալներ կունենանք. բռնցքամարտը մեր հայկական մարզաձեւն է:

Ռիո-2016-ից հետո հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը տեղափոխվեցին պրոֆեսիոնալ ռինգ: Դու ե՞րբ ես փորձելու ուժերդ պրոֆեսիոնալում:

Երեւի այս տարի կսկսեմ, բայց դեռեւս հստակ չեմ կարող ասել՝ երբ եւ ինչպես: Կուզենայի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցել, նոր պրոֆեսիոնալ ռինգ մտնել: Այսքան տանջվել, քրտինք եմ թափել, չեմ ուզում առանց Եվրոպայի, աշխարհի մեդալների սիրողականից դուրս գալ:

Կպատրաստվե՞ս Տոկիո-2020-ին:

Ամեն ինչ տանում է դրան: Կփորձեմ զուգահեռ երկուսում էլ լինել. սիրողականում բարձր արդյունքներ՝ մեդալներ նվաճել, պրոֆեսիոնալում ուժերս փորձել: Մինչեւ 15 մենամարտի հնարավորություն ունեմ պրոֆեսիոնալում, որպեսզի զուգահեռ հանդես գամ նաեւ սիրողականում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով