17:32  +04,  14 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արսեն Սարգսյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Արսեն Սարգսյան, աթլետիկա. հեռացատկ

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 13-ին Վանաձորում:

Հեռացատկով սկսել է զբաղվել 2000 թվականից։

Միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի բազմակի չեմպիոն։

2007թ., 2008., Եվրոպայի գավաթի 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր։ 

Եվրոպայի  ռեկորդակիր`(8,86 մ), Եվրոպայի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարերի կրկնակի գավաթակիր։

2012 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մանեժում կայացած Ռուսաստանի ձմեռային բաց առաջնության 2-րդ մրցանակակիր՝  7,79մ արդյուքնով։

2012 թվականին Հայաստանի առաջնության չեմպիոն՝ 8մետր 20 սանտիմետր արդյունքով։ Այս արդյունքով նա նաեւ10 սանտիմետրով գերազանցել է  օլիմպիական ուղեգրի համար պահանջվող նորման։

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնությունունում։

Անձնական մարզիչն է Սեդրակ Դալլաքյանը։ 

Ամուսնացած է, ունի դուստր։

Արսեն Սարգսյանը օլիմպիական ասպարեզ դուրս կգա օգոստոսի 3-ին։

Ամեն ինչ սկսվեց այսպես...

«Ես ինչպես մարզիկների մեծ մասը աթլետիկայով չեմ սկսել զբաղվել 7-8 տարեկանից։ 14 տարեկան էի, որ ծնողներիս խնդրեցի ինձ տանել աթլետիկայի։ Ուզում էի վազել, շատ լավ էի վազում եւ բավական արագ։ Դպրոցում ամենարագ վազողն էի։ Անգամ ուսուցիչներս էին ինձ գրանցում վազքի մրցումների։ Այդ տարիքից մասնակցում էի դպրոցական մրցումների։ Իսկ մինչեւ աթլետիկայով զբաղվելը, հաճախում էի կարատեի։ Սակայն կարատեին այդպես էլ չհարմարվեցի, չսիրեցի»։

Հեռացատկը նախընտրեցի եռացատկից...

«Մարզվել եմ եւ եռացատկով, եւ հեռացատկով։ Երկար ժամանակ տատանվել եմ, որով շարունակեմ։ Դժվար է երկու ձեւով էլ մասնագիտանալ։ Ի վերջո, նախապատվությունը տվեցի հեռացատկին։ Առաջին մրցումս եղել է դպրոցական տարիքում։ Դա դպրոցական մրցում էր, որի ժամանակ ես կատարեցի իմ առաջին արդյունքը՝ 5 մետր։ Հաջորդ մրցումս 5 մետր 60 սանտիմետր էր եւ այդպես աստիճանաբար ինքս ինձ սկսեցի կատարելագործել։ Լավագույն արդյունքս եղել է  այս տարի Արտաշատում, Հայաստանի առաջնությունում՝ 8.20 մետր»։

Ես մեկնում եմ Լոնդոն

«Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն է։ Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս եւս։ Ներկայացնում եմ երկիր Ճիշտ է միայնակ չեմ, ինձ հետ է նաեւ Վարդան Փահլեւայանը, բայց անկախ ամեն ինչից չեմ կարողանում չմտահոգվել։ Լավ մարզավիճակում եմ, բայց կարծում եմ դեռ աշխատելու շատ տեղ կա։ Սովորաբար, ես մարզվում եմ նաեւ Մոսկվայում։ Այս տարի էլ երկար ժամանակ մարզվեցի՝ կենտրոնացած Օլիմպիական խաղերի վրա։ Թվում է թե, պետք է չհուզվեմ, բայց, վերջիվերջո, Օլիմպիական խաղեր են»։

Ակնկալիքները

«Ես նախօրոք չեմ սիրում խոսել։ Եթե այդ օրն իմ օրը լինի, ես հաջող ելույթ կունենամ։ Ինքս ինձանից մեծ սպասելիքներ ունեմ, կարծում եմ ինքս ինձ չեմ հիասթափեցնի։ Կցանկանամ չհիասթափեցնել նաեւ կնոջս, երեխայիս եւ մարզիչիս»։

Սեդրակ Դալլաքյան

«Արսենը գտնվում է հրաշալի մարզավիճակում։ Կարծում եմ ինքն իրեն ավելի կկատարելագործի Ֆրանսիայում, որտեղ հիմա նա անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Դժվար է, որ ես իմ մարզիկի հետ չեմ, եւ երկար ժամանակ նրան էլ չեմ տեսնի, քանի որ Ֆրանսիայից անմիջապես մեկնելու են Լոնդոն, բայց հույս ունեմ, որ նա առանց ինձ էլ գլուխ կհանի եւ իմ օգնության կարիքն այդքան էլ չի ունենա։ Ինչ-որ պետք է ես նրան ասել եմ մեկնելու առաջ, հիմա մնում է միայն սպասել եւ հուսալ լավ արդյունքների»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ