17:55  ,  11 հուլիսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Դավիթ Սաֆարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ի «Մի օլիմպիականի պատմության» հերոսը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2012թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2013թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն,  2013 թ․ Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանն է։ Նա Ռիո-21016-ի ուղեգիր վարկանիշային մրցաշարերում չնվաճեց, բայց նրան փոխանցվեց Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած, ուղեգիր նվաճած, հետագայում դոպինգի համար որակազրկված ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու ուղեգիրը։

Ռիո-2016-ում ազատ ոճայինների 65 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչը բացի օլիմպիական ոսկե մեդալից, երազում է նաեւ իր օջախը ստեղծելու եւ 5 երեխա ունենալու մասին։

Դավիթ, ինչպե՞ս է անցել մանկությունդ, ի՞նչ հիշողություններ ունես

Ծնվել եմ Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում։ Մանկությունս անցել է այդ քաղաքում, բայց հաճախ եմ եկել Հայաստան ամռան արձակուրդներին։ Հիշում եմ նաեւ, որ մենք մշտապես ընտանիքով Նոր տարին նշել ենք Հայաստանում։ Ինձ հիշում եմ, որպես շատ հանգիստ երեխա։ Մայրս էլ ասում է, որ խելոք, լսող երեխա եմ եղել։ Ընտանիքում ես երկրորդ որդին եմ, մանուկ հասակում ամենահանգիստն եմ եղել։

Ինչո՞ւ հենց ըմբշամարտ։ Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ::

Հայրս ազատ ոճի ըմբիշ է եղել,միջազգային կարգի սպորտի վարպետ է։ Ընտանիքում զբաղվողներ էլի եղել են եւ ես այլ մարզաձեւ ընտրել չէի կարող։ Իհարկե, փորձեցի ինձ մեկ այլ մարզաձեւում՝ փոքր տարիքում մեկ տարի հաճախեցի մարմնամարզության, բայց արդեն գիտեի, որ ես ըմբշամարտով եմ շարունակելու եւ ըմբշամարտի գորգն է լինելու իմ պայքարելու տեղը սպորտում։ Ես չեմ հիշում, բայց հայրս պատմում է, որ մարզումների առաջին օրերից ինձ մոտ ստացվել է գոտեմարտեր վարելը։ Ես դա կապում եմ սպորտային ընտանիքում մեծանալու հետ։ Առաջին հաղթանակս ըմբշամարտում եղել է Չերկեսկի առաջնությունը։ Այդ ժամանակ ես 11 տարեկան էի։ Բայց դա իմ երկրորդ հաղթանակն էր սպորտում․ առաջին անգամ հաղթել եմ մարմնամարզության պատանիների Ռուսաստանի առաջնությունում՝ 2-րդ տեղ եմ զբաղեցրել։ Որպես մրցանակ ստացա՝ 15 ռուբլի։ Այդ գումարով ավտոմեքենա գնեցի։

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք:

Ինձ համար մարզական կարիերայի դժվարությունները միայն վնասվածքներն են։ Մնացած բոլոր դժվարությունները հաղթահարելի եմ համարում։ Սկզբում շատ էի նեղվում, հիասթափվում, որ վնասվածք էի ստանում, դադար էի տալիս, հետո քիչ-քիչ հասկացա, որ սպորտն ու վնասվածքները «հոմանիշներ» են եւ մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Արդեն սկսեցի հանգիստ վերաբերվել դրանց։ Մարզիկի կյանքն, ասես, մեքենայի ռեժիմ լինի՝ ամեն ինչ պետք է հստակ լինի՝ մարզումներ, հանգիստ, սնունդ, ծանրաբեռնվածություն, դադար։ Դժվարություններ հանդիպել եւ հանդիպում եմ քաշային կարգ փոխելիս։ Ոմանց մոտ շատ հեշտ է ստացվում քաշ փոխելը, ինձ մոտ անտանելի բարդ․ ես կարող եմ քաշային կարգ փոխելիս տանջվել։ Այլ դժվարություններ ու խոչընդոտներ ինձ չեն կարող հիասթափեցնել։ Լինում են պահեր, պարտություններ, որ տխրում ես, նեղսրտում, բայց ինձ դրանք հիասթափության մինչ օրս չեն բերել եւ կարծում եմ՝ չեն բերի։ Ես սիրում եմ իմ ընտրած մարզաձեւը, գորգը, պայքարը։

Ի՞նչ նախասիրություններ ունես։

Ինձ համար հոբբի են համարվում բոլոր մյուս մարզաձեւը, բացի ըմբշամարտից։ Շատ եմ սիրում ֆուտբոլ, կարող եմ ամբողջ օրը հեռուստացույցով հետեւել տարբեր մարզաձեւերի մրցումներին։ Սիրում եմ մեքենաներ։ Իմ մեքենան եմ շատ սիրում (Porsche Panamera), միայն թե վարելու ժամանակ քիչ եմ ունենում, քանի որ Հայաստանում՝ հավաքների եմ լինում։ Բայց ես այժմ ազատ ժամանակս փորձում եմ ծախսել ընտանիքիս անդամների հետ հանդիպումների վրա, եղբայրներս են ինձ այցելում հավաքների ժամանակ։ Ինձ համար սա էլ իր տեսակի մեջ է հոբբի։

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ։

Նպատակասլաց, հանգիստ, օգնող. սիրում եմ օգնել մարդկանց։

Ի՞նչն ես գնահատում մարդկանց մեջ։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Դիմացինիս մեջ առաջին հերթին գնահատում եմ ազնվությունը։ Երբ մարդ այն է, ինչ կա՝ իր թերություններով եւ առավելություններով հանդերձ։ Շփման մեջ առաջնային տեղը տալիս եմ այս հատկանիշին, որ կարիք չունես մարդուն բացահայտել։ Ես անմիջապես զգում եմ՝ ով է անկեղծ, ով է խաղում, ով է փորձում տպավորություն գործել, ով է պարզ։ Իմ ընկերը լինելու համար մեծ բան պետք չէ՝ բավական է միայն լինել պարզ, հասարակ, անկեղծ, ուրախ ու ակտիվ։ Ես շատ ընկեր չունեմ, իմ ընկերական շրջապատը փոքր է ու փակ։ Ծանոթներս շատ են, շփումս մեծ է, բայց քչերին եմ վստահում ու ընկերություն անում։

Ո՞րն է քո երջանկության բանաձեւը:

Երբ կողքիս հայրս է, մայրս, եղբայրս՝ առողջ ու կյանքով լեցուն աչքերով․ այդ պահին ինձ զգում եմ լիարժեք երջանիկ մարդ։ Իմ կյանքում ընտանիքս առաջնային տեղում է ցանկացած հարցում։ Ցանկանում եմ նաեւ իմ անձնական կյանքը կառուցել, իմ ընտանիքն ունենալ,  4-5 երեխա ունենալ։

Եթե նորից սկսեիր, ի՞նչ կփոխեիր կյանքումդ։

Ոչինչ չէի փոխի․ նույն ճանապարհով ու կյանքով կապրեի։ Շատ ուրախ եմ, որ ընտրել եմ ըմբշամարտը, զբաղվում եմ իմ սիրելի մարզաձեւում, աշխարհի չեմպիոն եմ դարձել, Եվրոպայի չեմպիոն եմ․ նույնիսկ չէի էլ կարող երազել, որ կհասնեմ այս հաջողություններին։ Պակասում է միայն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, որ ինձ լիարժեք երջանիկ զգամ սպորտում։

Առջեւում՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերն են, քո կյանքի երկրորդ Օլիմպիական խաղերը։ Ի՞նչ երազանքով ես գնում Ռիո։

Երազանքս, ցանկությունս, նպատակս ու ամբողջ ուժերս կենտրոնացնելու միակ ձգտումս օլիմպիական ոսկե մեդալն է։ Գուցե մեծ երազանք ունեմ, բայց ես այդ մեդալի մասին երազել եմ մանկուց։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով