10:42  ,  24 փետրվարի, 2017

Ռունին վերջ է դրել բոլոր խոսակցություններին

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին պատմել է, որ մնում է անգլիական ակումբում, թեեւ ունի կարիերան շարունակելու այլ առաջարկներ:

«Չնայած այլ ակումբների հետաքրքրությանը, ցանկանում եմ վերջ դնել բոլոր խոսակցություններին ու նշել, որ մնում եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հուսով եմ, որ կարեւոր խաղացող կլինեմ թիմում եւ օգտակար կլինեմ 4 մրցաշարերում»,- անգլիացի հարձակվողի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Վերջերս բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 31-ամյա Ռունին որոշում է կայացրել տեղափոխվել չինական ակումբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նրա գործակալին թույլ է տվել սկսել բանակցություններ: Չինաստանում նրա ծառայություններով հետաքրքրված են «Գուանչժոու Էվերգրանդն» ու «Բեյցզին Գոանը»: Նրանք Անգլիայի հավաքականի ավագին առաջարկում էին շաբաթական մեկ միլիոն եվրո աշխատավարձ, ինչը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Սակայն Ռունին մերժել է եւ ցանկանում է շարունակել ելույթներն անգլիական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամռանը:

Հիշեցնենք, որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 28-ին: Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 17 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում