20:43  ,  22 փետրվարի, 2017

Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը՝ պրոֆեսիոնալ ռինգի առանձնահատկությունների մասին

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամներ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը փետրվարի 25-ին Մոսկվայում կանցկացնեն իրենց հերթական պրոֆեսիոնալ մենամարտերը:

2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում արդեն ունեցել է երկու հաղթանակ։ 3-րդ մենամարտին բռնցքամարտիկը նախապատրաստվում է Երեւանում:

«Մրցակիցս ռուս բռնցքամարտիկ է, որը եղել է Ռուսաստանի չեմպիոն պրոֆեսիոնալ ռինգում: Լավ բռնցքամարտիկ է, ուսումնասիրել եմ նրան, բայց ինձնից ուժեղ չեմ համարում: Մենամարտը լինելու է 6 ռաունդ: Դեռեւս որեւէ գոտու մենամարտ անցկացնելու համար վարկանիշ եմ հավաքում:

Ինձ դուր է գալիս պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելը: Շատ տարբեր է սիրողականից: Ամեն ինչ տակտիկայի մեջ է: Սիրողականում ունես 3 ռաունդ եւ քո հնարավորությունները պետք է հասցնես այդ 3 ռաունդում դրսեւորել: Իսկ այստեղ հնարավորություն ունես լիարժեք բացվել՝ քո զինանոցը երկար ռաունդների ընթացքում ցույց տալ: Հետաքրքիր է նրանով, որ նախապես գիտես ով է մրցակիցդ եւ աշխատում ես կոնկրետ նրա դեմ, ուսումնասիրում ես, ճանաչում ես մինչեւ ռինգ մտնելը:

Զգացողություններն էլ են տարբեր. պրոֆեսիոնալ ռինգում ինձ ավելի հանգիստ եմ զգում, կարծես ավելի հարազարտ լինի: Իսկական շոու է պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Եթե գալիս են իմ մենամարտը դիտելու, ես էլ դառնում եմ այդ շոուի մասնակից»,- ասաց Նարեկ Աբգարյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում արդեն մեկ հաղթանակ տարել է: Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

«Հանդես եմ գալու 58,9 կգ  քաշային կարգում: Մրցակիցս ռուս Անտոն Մեժուեւն է: Մենամարտը 6 ռաունդանոց է: Մրցակցիս չեմ թերագնահատի: Պրոֆեսիոնալ ռինգում թույլ բռնցքամարտիկ չկա:

Պրոֆեսինալ բռնցքամարտն ուրիշ աշխարհ է, շատ տարբեր սիրողականից: Պրոֆեսիոնալ ռինգում պետք է երաժշտի պես հանգիստ նոտաներով սկսես, ճիշտ պահին չոր ակորդը դնես եւ մենամարտն ավարտես: Սիրողականից անցում պրոֆեսիոնալի, ասես լրիվ ուրիշ աշխարհի դուռ բացես, ռինգում ուրիշ հոգեբանության տեր բռնցքամարտիկ լինես: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է եւ այստեղ միայն բռնցքամարտելով հաղթանակ չես նվաճի:

Առաջին մենամարտս մի փոքր լարված անցավ, շատ հակասական զգացողություններ ունեի, երեւի մեկնարկն էր, այդ պատճառով: Այդ ժամանակ միակ նպատակս լավ ստարտ վերցնելն էր: Գալիք մենամատին արդեն հանգիստ կմտնեմ ռինգ:

Դեռեւս մի շարք այսպիսի մենամարտեր կունենամ, դրանց զուգահեռ կլինեմ նաեւ ազգային հավաքականի անդամ, բայց չեմ կարծում, որ սիրողական բռնցքամարտում երբեւէ հանդես կգամ: Բայց եթե հավաքականն իմ կարիքը զգա, հավաքականի գլխավոր մարզիչն ու պրոմոութերս՝ Արթուր Գեւորգյանը, գտնեն, որ պետք է մասնակցեմ, կմասնակցեմ»,- նշեց Արամ Ավագյանը:

Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը սիրողականից տեղափոխվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտ Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո: Բռնցքամարտիկներն արդեն պայմագիր ունեն մոսկովյան «Fight for the Future» ակումբի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով