20:43 22 փետրվարի, 2017Սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամներ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը փետրվարի 25-ին Մոսկվայում կանցկացնեն իրենց հերթական պրոֆեսիոնալ մենամարտերը:
2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում արդեն ունեցել է երկու հաղթանակ։ 3-րդ մենամարտին բռնցքամարտիկը նախապատրաստվում է Երեւանում:
«Մրցակիցս ռուս բռնցքամարտիկ է, որը եղել է Ռուսաստանի չեմպիոն պրոֆեսիոնալ ռինգում: Լավ բռնցքամարտիկ է, ուսումնասիրել եմ նրան, բայց ինձնից ուժեղ չեմ համարում: Մենամարտը լինելու է 6 ռաունդ: Դեռեւս որեւէ գոտու մենամարտ անցկացնելու համար վարկանիշ եմ հավաքում:

Ինձ դուր է գալիս պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելը: Շատ տարբեր է սիրողականից: Ամեն ինչ տակտիկայի մեջ է: Սիրողականում ունես 3 ռաունդ եւ քո հնարավորությունները պետք է հասցնես այդ 3 ռաունդում դրսեւորել: Իսկ այստեղ հնարավորություն ունես լիարժեք բացվել՝ քո զինանոցը երկար ռաունդների ընթացքում ցույց տալ: Հետաքրքիր է նրանով, որ նախապես գիտես ով է մրցակիցդ եւ աշխատում ես կոնկրետ նրա դեմ, ուսումնասիրում ես, ճանաչում ես մինչեւ ռինգ մտնելը:
Զգացողություններն էլ են տարբեր. պրոֆեսիոնալ ռինգում ինձ ավելի հանգիստ եմ զգում, կարծես ավելի հարազարտ լինի: Իսկական շոու է պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Եթե գալիս են իմ մենամարտը դիտելու, ես էլ դառնում եմ այդ շոուի մասնակից»,- ասաց Նարեկ Աբգարյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում արդեն մեկ հաղթանակ տարել է: Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
«Հանդես եմ գալու 58,9 կգ քաշային կարգում: Մրցակիցս ռուս Անտոն Մեժուեւն է: Մենամարտը 6 ռաունդանոց է: Մրցակցիս չեմ թերագնահատի: Պրոֆեսիոնալ ռինգում թույլ բռնցքամարտիկ չկա:

Պրոֆեսինալ բռնցքամարտն ուրիշ աշխարհ է, շատ տարբեր սիրողականից: Պրոֆեսիոնալ ռինգում պետք է երաժշտի պես հանգիստ նոտաներով սկսես, ճիշտ պահին չոր ակորդը դնես եւ մենամարտն ավարտես: Սիրողականից անցում պրոֆեսիոնալի, ասես լրիվ ուրիշ աշխարհի դուռ բացես, ռինգում ուրիշ հոգեբանության տեր բռնցքամարտիկ լինես: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է եւ այստեղ միայն բռնցքամարտելով հաղթանակ չես նվաճի:
Առաջին մենամարտս մի փոքր լարված անցավ, շատ հակասական զգացողություններ ունեի, երեւի մեկնարկն էր, այդ պատճառով: Այդ ժամանակ միակ նպատակս լավ ստարտ վերցնելն էր: Գալիք մենամատին արդեն հանգիստ կմտնեմ ռինգ:
Դեռեւս մի շարք այսպիսի մենամարտեր կունենամ, դրանց զուգահեռ կլինեմ նաեւ ազգային հավաքականի անդամ, բայց չեմ կարծում, որ սիրողական բռնցքամարտում երբեւէ հանդես կգամ: Բայց եթե հավաքականն իմ կարիքը զգա, հավաքականի գլխավոր մարզիչն ու պրոմոութերս՝ Արթուր Գեւորգյանը, գտնեն, որ պետք է մասնակցեմ, կմասնակցեմ»,- նշեց Արամ Ավագյանը:
Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը սիրողականից տեղափոխվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտ Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո: Բռնցքամարտիկներն արդեն պայմագիր ունեն մոսկովյան «Fight for the Future» ակումբի հետ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.