22:51  ,  13 փետրվարի, 2017

Դավիթ Թորոսյան. Առաջիկա մրցաշարերի նպատակը փորձ ձեռք բերելն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադ Մարգարյանը (69 կգ):

Այս մասին ասել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ բնռցքամարտի Հայաստանի հավաքական այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում։ Թիմը նախապատրաստում է փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք մրցաշարին։ Չնայած մրցաշարին մնացել են հաշված օրեր, հավաքականի նորանշանակ մարզիչւ դեռեւս չի կողմնորոշվում թիմի կազմի հարցում։

«Այդ երեք մարզիկների մասնակցությունն է հստակ, մյուսները դեռեւս վերջնական հայտնի չեն։ Նրանցից մի քանիսի հարցը կապված է զինծառայության հետ, հայտնի չէ՝ նրանց թույլ կտան երկրից դուրս գալ, թե ոչ, ոմանք էլ վնասվածքներ ունեն։ Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը բաց կթողնեն այս մրցաշարը, քանի որ երկուսն էլ պրոֆեսիոնալ մենամարտ ունեն փետրվարի 25-ին։

Այս եւ մյուս մրցաշարերի նպատակը դեռեւս փորձ ձեռք բերելուն է միտված։ Հավաքականից ոմանք փորձառու են, բայց երկար ժամանակ չեն մենամարտել եւ նրանց պետք է «խաղի» մեջ մտցնել։ Մի քանի երիտասարդներ էլ կան. ցանկանում եմ նրանց փորձել այս եւ մյուս մրցաշարերում, որպեսզի հետագա մեր անելիքները պարզ լինեն»,- ասաց Դավիթ Թորոսյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով