22:13  ,  5 փետրվարի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Ես չգնացի խաբեության մյուսների նման, այդ պատճառով էլ Աղասի Աղասյանն ինձնից նեղացավ

Եթե Աղասի Աղասյանն ինձ համեմատում է ինչ-որ կոշիկի արժեքի հետ, ես էլ իրեն տրեխի արժեքի հետ եմ համեմատում: Մեկ բառով՝ ես չգնացի խաբեության մյուս մարզիչների նման, ինքն ինձնից նեղացավ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Աղասի Աղասյանի հետ ունեցած կոնֆլիկտը:

Նշենք, որ 85 կգ քաշային կարգի Հայաստանի առաջատար ծանրորդ Աղասի Աղասյանը հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին՝ մրցահարթակում թողնելով մարզակոշիները: Անմիջապես հայտարարությունից հետո մարզիկը հանդես էր եկել նաեւ ֆեյսբուքյան գրառումով, որտեղ մասնավորապես նշել էր. «Ավարտում եմ մարզական կարիերաս եւ թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»:

Անդրադառնալով Աղասի Աղասյանի սկանդալային հեռանալուն, Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ չի ընդունում մի մարզիկի, ով հայտարարում է, թե Փաշիկ Ալավերդյան մարզիչին չի ճանաչում:

«Չեմ ափսոսում նման մարզիկ կորցնելու համար, քանի որ նույն այդ մարզիկն ասել է, որ ինձ չի ճանաչում: Ինձ ամբողջ աշխարհն է ճանաչում ծանրամարտում: Եթե ինքը չի ճանաչում, ուրեմն ծանրամարտիկ չէ: Նա ուներ 300 գրամ ավել քաշ եւ ինչպես օրենքն է թելադրում, ես նրան թույլ չտվեցի ավել քաշով մրցի 85 կգ քաշայիններին պայքարում: Եթե ես նրան թույլ տայի ավելի քաշով՝ դա կնշանակեր, որ ես խաբեությամբ եմ զբաղվում: Նա ուներ անձնական մարզիչ, նա ուներ շոգեբաղնիք եւ բոլոր հնարավորությունները այդ գրամները նվազեցնելու: Բայց կշռվելուց մեկ րոպե անց նա այլեւս ոչինչ անելու հնարավորություն չուներ: Ես ինչ պետք է անեի՝ գայի մրցումից մի քանի ժամ առաջ մերսում անեի, որ նրա քաշն իջներ: Այդ նույն Աղասուն ասեք, որ Եվրոպայում եւ աշխարհում ինձ բոլորն են ճանաչում: Եվ եթե ինձ էլ համեմատում է ինչ-որ կոշիկի արժեքի հետ, ես էլ իրեն տրեխի արժեքի հետ եմ համեմատում:

Այսինքն, ստացվում է՝ ես չգնացի խաբեության, չխաբեցի բոլորին, ինչպես շատ մարզիչներ են անում, Աղասի Աղասյանն ինձանից նեղացավ: Եթե գնայի խաբեության, ու նա հաղթեր 85 կգ քաշային կարգում, այսօր նա կասեր, որ ամենալավ մարդը Ալավերդյան Փաշիկն է»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե Աղասի Աղասյան եւ Փաշիկ Ալավերդյան ներքին լարվածության հիմքում Ռիո-2016-ը չէ՞, հավաքականի մարզիչը զայրացավ.

«Եթե նույնիսկ 15 ավել տեղ ունենայի, միեւնույն է՝ նրան ես Օլիմպիական խաղեր չէի տանելու, որովհետեւ նրա արդյունքները ինձ չէին գոհացնում»:

Լրագրողի հարցին, այդ դեպքում Առաքել Միրզոյանի արդյունքներն էին գոհացնող, Փաշիկ Ալավերդյանը նշեց.

«Առաքելի արդյունքների համար Առաքելին հարցրեք: Նա կմնա հավաքականում, թե ոչ,դա նույնպես Առաքելին հարցրեք, ես նրանից տեղեկություններ չունեմ, իրեն հետ կապ չունեմ, ոչ իրենց տուն եմ գնում, ոչ էլ իրենց տան տեղը գիտեմ»:

Հայաստանի չեմպիոններն են՝ Լեւոն Պողոսյան (56 կգ), Դավիթ Գասպարյան (62 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ) , Դավիթ Հովհաննիսյան (85 կգ), Կարուշ Ղուկասյան (94 կգ), Սամվել Գասպարյան (105 կգ) եւ Հայկ Հակոբյան (+105 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով