19:55  ,  3 փետրվարի, 2017

Վիգեն Խաչատրյան. Տղաների բարձրացրած կիլոգրամները մեծահասակների հավաքականի համար գոհացուցիչ չեն

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանին չեն գոհացնում 69 եւ 77 կգ քաշայինների արդյունքները Հայաստանի առաջնությունում, որն այս օրերին շարունակվում է Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում։

«Տղաների բարձրացրած կիլոգրամները մեծահասակների հավաքականի համար գոհացուցիչ չեն։ Բայց կան հանգամանքներ ու պետք է հաշվի առնել, որ Հայաստանի առաջնության մասնակիցները երիտասարդ են ու արդյունքները բարձրացնելու ներուժ ունեն։ Օրինակ՝ Ժորժ Եղիկյանը նոր է զորացրվել եւ դեռ չէր հասցրել լիարժեք մարզավիճակ հավաքել։

Խնդիրներ ունենք նաեւ 69 կգ քաշային կարգում։ Մեր առաջատար Վանիկ Ավետիսյանն ուսի վնասվածքից հետո 10 օր է մարզվում, նա նույնպես քիչ կիլոգրամներ բարձրացրեց։ Բայց դեռ ժամանակ կա եւ կարծում եմ՝ նա իրեն կարդարացնի»,- ամփոփեց Վիգեն Խաչատրյանը։

69 կգ քաշայինների Հայաստանի չեմպիոն ճանաչվեց 2014թ. Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը՝ 291 կգ երկամարտի արդյունքով (126 + 165)։

77 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ 2016թ. Հայաստանի չեմպիոն Ժորժ Եղիկյանը՝ 302 կգ երկամարտի արդյունքով (137 + 165):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով