19:12  +04,  2 փետրվարի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Ռիոյի օլիմպիականները չեն մասնակցում, քանի որ համապատասխան մարզավիճակում չեն

Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին եւ Ռուբեն Ալեքսանյանին ազատել եմ Հայաստանի առաջնությունից, քանի որ Օլիմպիական խաղերից հետո շատ քեֆ-ուրախություն են արել եւ դեռ համապատասխան մարզավիճակում չեն: Իսկ Անդրանիկ Կարապետյանը հարգելի պատճառով է բաց թողնում առաջնությունը: Նա կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Առաջին օրը մրցահարթակ դուրս եկան 56 կգ  եւ 62 կգ քաշային մարզիկները:

52 կգ քաշային կարգում երկամարտի 206 կգ արդյունքով (90+116) հաղթող ճանաչվեց Լեւոն Պողոսյանը Գյումրիից: Երկրորդ տեղում երեւանցի Գոռ Դավթյանն է՝ 201 կգ (90+111) արդյունքով, երրորդ տեղում՝ կրկին Երեւանի ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը՝ 193 կգ (84+109): 

62 կգ քաշայինների պայքարում չեմպիոն դարձավ Էջմիածինը ներկայացնող Դավիթ Գասպարյանը 252 կգ արդյունքով (118+135), փոխչեմպիոնը Երեւանից Գեւորգ Բաղդասարյանն է՝ 235 կգ (105+130), երրորդ տեղը բաժին հասավ գյումրեցի Արթուր Պողոսյանին՝ 220 կգ (100+120):

«Գոհացնող չեն այս արդյունքները, եթե գոհացնող լինեին ինձ, ապա այս ծանրորդներն արդեն վաղուց կլինեին հավաքականում: Այս երկու քաշային կարգերում մենք լավ արդյունքներ չունենք, միջազգային ասպարեզ դուրս գալու համար այս կիլոգրամները բավարար չեն: Այս երկու քաշային կարգերը փորձել ենք Եվրոպայի առաջնություններում, բայց ինչպես միշտ, լավ մասնակցություն չեն ցուցաբերել, ելույթներն ավարտել են 9-10-րդ տեղերում: Այդ պատճառով ես այս քաշային կարգերից ուզում եմ հրաժարվել: Ինձ հավաքականում պետք են մյուս քաշային կարգերը, որոնք մեդալների իրական հավակնորդներ են եւ բարձր կիլոգրամներով կարող ենք հանգիստ պայքարի մեջ մտել: Հայաստանի չեմպիոնի կոչումը դեռ բավարար չէ ազգային հավաքականը համալրելու համար: Բայց այս մարզիկների արդյունքները հուսադրող են, նրանք դեռ երիտասարդ են, նրանց անձնական մարզիչներն էլ հասկացան, որ դեռ շատ աշխատանք ունեն»,- ասաց գլխավոր մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Հայաստանի առաջնությանը չեն մասնակցելու նաեւ Ռիո-2016-ի չորս օլիմպիականները, ժամանակավոր որակազրկված Տիգրան Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Առաքել Միրզոյանը:

«56 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջնությունն իմ թույլտվությամբ բաց թողեց 2015 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը՝ հիվանդության պատճառով: Նա եկավ ներկայացավ, բայց խնդրեց իրեն ազատել, նրա տեսքից էլ երեւում էր, որ այս պահին նա ի վիճակի չէ մրցման մասնակցել եւ լինել հավաքականում: Նա բաց կթողնի նաեւ Եվրոպայի առաջնությունը քանի որ երկու ամսում չի հասցնի լիարժեք մարզավիճակ ձեռք բերել: Նրան կնախապատրաստենք աշխարհի առաջնության համար:

Անդրանիկ Կարապետյանն արդեն աստիճանաբար վերադառնում է իր մարզավիճակին, արմունկի բուժումը լավ է ընթանում: Արդեն մարզվում է հավաքականի հետ եւ կարողանում է նույնիսկ կիլոգրամներ բարձրացնել: Նա բաց կթողնի նաեւ Եվրոպայի առաջնությունը եւ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը 85  կգ քաշային կարգում: Իսկ մեր մյուս օլիմպիականները նախապատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Փետրվարի 14-ից կմեկնարկի ծաղկաձորյան հավաքը, Աբովյանի մարզաբազայում եւս կունենանք հավաք, իսկ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն ամենայն հավանականությամբ կանցկացնենք դրսում. դեռ վերջնական որոշված չէ»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 69 եւ 77 կգ քաշային կարգերի ծանրորդները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով