19:12 2 փետրվարի, 2017Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին եւ Ռուբեն Ալեքսանյանին ազատել եմ Հայաստանի առաջնությունից, քանի որ Օլիմպիական խաղերից հետո շատ քեֆ-ուրախություն են արել եւ դեռ համապատասխան մարզավիճակում չեն: Իսկ Անդրանիկ Կարապետյանը հարգելի պատճառով է բաց թողնում առաջնությունը: Նա կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Առաջին օրը մրցահարթակ դուրս եկան 56 կգ եւ 62 կգ քաշային մարզիկները:
52 կգ քաշային կարգում երկամարտի 206 կգ արդյունքով (90+116) հաղթող ճանաչվեց Լեւոն Պողոսյանը Գյումրիից: Երկրորդ տեղում երեւանցի Գոռ Դավթյանն է՝ 201 կգ (90+111) արդյունքով, երրորդ տեղում՝ կրկին Երեւանի ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը՝ 193 կգ (84+109):
62 կգ քաշայինների պայքարում չեմպիոն դարձավ Էջմիածինը ներկայացնող Դավիթ Գասպարյանը 252 կգ արդյունքով (118+135), փոխչեմպիոնը Երեւանից Գեւորգ Բաղդասարյանն է՝ 235 կգ (105+130), երրորդ տեղը բաժին հասավ գյումրեցի Արթուր Պողոսյանին՝ 220 կգ (100+120):
«Գոհացնող չեն այս արդյունքները, եթե գոհացնող լինեին ինձ, ապա այս ծանրորդներն արդեն վաղուց կլինեին հավաքականում: Այս երկու քաշային կարգերում մենք լավ արդյունքներ չունենք, միջազգային ասպարեզ դուրս գալու համար այս կիլոգրամները բավարար չեն: Այս երկու քաշային կարգերը փորձել ենք Եվրոպայի առաջնություններում, բայց ինչպես միշտ, լավ մասնակցություն չեն ցուցաբերել, ելույթներն ավարտել են 9-10-րդ տեղերում: Այդ պատճառով ես այս քաշային կարգերից ուզում եմ հրաժարվել: Ինձ հավաքականում պետք են մյուս քաշային կարգերը, որոնք մեդալների իրական հավակնորդներ են եւ բարձր կիլոգրամներով կարող ենք հանգիստ պայքարի մեջ մտել: Հայաստանի չեմպիոնի կոչումը դեռ բավարար չէ ազգային հավաքականը համալրելու համար: Բայց այս մարզիկների արդյունքները հուսադրող են, նրանք դեռ երիտասարդ են, նրանց անձնական մարզիչներն էլ հասկացան, որ դեռ շատ աշխատանք ունեն»,- ասաց գլխավոր մարզիչը:
Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Հայաստանի առաջնությանը չեն մասնակցելու նաեւ Ռիո-2016-ի չորս օլիմպիականները, ժամանակավոր որակազրկված Տիգրան Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Առաքել Միրզոյանը:
«56 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջնությունն իմ թույլտվությամբ բաց թողեց 2015 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը՝ հիվանդության պատճառով: Նա եկավ ներկայացավ, բայց խնդրեց իրեն ազատել, նրա տեսքից էլ երեւում էր, որ այս պահին նա ի վիճակի չէ մրցման մասնակցել եւ լինել հավաքականում: Նա բաց կթողնի նաեւ Եվրոպայի առաջնությունը քանի որ երկու ամսում չի հասցնի լիարժեք մարզավիճակ ձեռք բերել: Նրան կնախապատրաստենք աշխարհի առաջնության համար:
Անդրանիկ Կարապետյանն արդեն աստիճանաբար վերադառնում է իր մարզավիճակին, արմունկի բուժումը լավ է ընթանում: Արդեն մարզվում է հավաքականի հետ եւ կարողանում է նույնիսկ կիլոգրամներ բարձրացնել: Նա բաց կթողնի նաեւ Եվրոպայի առաջնությունը եւ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը 85 կգ քաշային կարգում: Իսկ մեր մյուս օլիմպիականները նախապատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Փետրվարի 14-ից կմեկնարկի ծաղկաձորյան հավաքը, Աբովյանի մարզաբազայում եւս կունենանք հավաք, իսկ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն ամենայն հավանականությամբ կանցկացնենք դրսում. դեռ վերջնական որոշված չէ»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 69 եւ 77 կգ քաշային կարգերի ծանրորդները:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.