18:23  AMT,  25 հունվարի, 2017

Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյան. Չեմ ցանկանում գնահատական տալ Արայիկ Բաղդադյանի աշխատանքին, քանի որ դա կլինի քննադատություն

Չեմ ցանկանում որեւէ մեկին քննադատել, գնահատական տալ Արայիկ Բաղդադյանի աշխատանքին, քանի որ դա կլինի քննադատություն: Ազատ ոճի հավաքականում կան խնդիրներ եւ մինչեւ Տոկիո-2020-ը կլուծենք այդ խնդիրները, որպեսզի գնանք դեպի օլիմպիական մեդալներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը, որը երկար տարիներ ակումբային մարզիչ է եղել Գերմանիայում։

1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (48 կգ քաշային կարգում), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Մկրտչյանը փոխարինել է Արայիկ Բաղդադյանին:

Պարոն Մկրտչյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ ազատ ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու կապակցությամբ: Ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս ստացաք հավաքականը գլխավորելու առաջակը:

Շնորհակալ եմ: Առաջարկը ստացել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից։ Մեծ սիրով ընդունեցի: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահին այս վստահության համար, հավաքականը գլխավորելու պատասխանատու աշխատանքը ինձ վստահելու համար:

Հետեւե՞լ եք ազգային հավաքականի մրցելույթներին, հաջողություններին եւ պարտություններին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աշխատանք է Ձեզ սպասվում:

Բոլոր մրցելույթներին հետեւել եմ, օլիմպիական ցիկլի սկզբից մինչեւ Ռիոյի Խաղեր: Հաջողություններով շատ ուրախ եմ, բայց արդեն բազմիցս նշել եմ, որ ունենք խնդիրներ, վերջին տարիներին թիմը հաջողությունների առումով մի փոքր հետ ընկած է եւ պետք է աստիճանաբար բոլոր այդ խնդիրներին լուծում տալ:

Դուք երկար տարիներ բնակվել եք Գերմանիայում: Ի՞նչն է իրականում եղել Հայաստանը եւ ազգային հավաքականը լքելու պատճառը:

Հայաստանից հեռանալու եւ հավաքականը լքելու կոնկրետ պատճառ չի եղել: Գերմանիայում ես մասնակցում էի ակումբային առաջնության եւ ունեի պայմանագիր: Դրան զուգահեռ շարունակում էի հանդես գալ Հայաստանի հավաքականից մինչեւ 2001 թվականը: Վերջին մեդալս ազգային հավաքականում եղել է 2001 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, որից հետո վնասվածք ունեցա, քաշային կարգի փոփոխության խնդիր՝ նոր քաշ, որն ինձ համար միջազգային ասպարեզում հանդես գալու համար մեծ դժվարություն էր: Ժամանակ էր պետք, որ ես աճեի այդ քաշի համար, իսկ ակումբային առաջնություններում հանդես գալն ինձ շատ հարմար էր. ունեի պայմանագիր եւ այդպես մնացի Գերմանիայում: Արդեն շուրջ 10 տարի Գերմանիայում աշխատում եմ որպես մարզիչ: Թիմումս ունեմ երեք հայ ըմբիշ: Դեռեւս իմ ակումբի հետ պայմանագիրը չեմ խզել, սակայն զգուշացրել եմ: Իրենք ամեն ինչից տեղյակ են:

Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը հեշտ ընդունվե՞ց Ձեր կողմից, թե՞ երկար եք մտածել, քանի որ պետք է տեղափոխվեք Հայաստան, հրաժարվեք Ձեր ակումբի թիմից:

Առաջարկի շուրջ մտածել եմ իհարկե, քանի որ երկար տարիներ եմ ապրում Հայաստանից դուրս. ունեմ ընտանիք, երեխաներ: Այս հարցը առաջին հերթին քննարկել եմ ընտանիքիս հետ եւ եկել ենք ընդհանուր հայտարարի: Բացի տեղափոխվելու հարցից, մտածել եմ նաեւ պատասխանատվության մասին. ազգային հավաքական ղեկավարելը շատ է տարբերվում ակումբային թիմ ղեկավարելուց։ Յուրաքանչյուրն իր նրբություններն ունի, բայց կարծում եմ՝ ավելի մեծ պատասխանատվություն կա ազգային հավաքականը գլխավորելու հացում. մեծահասկներ, երիտասարդներ, պատանիներ՝ պետք է հետեւել բոլոր տարիքային խմբերի աշխատանքին, որպեսզի հասկանանք ինչ ունենք, ինչի պակաս ունենք եւ խնդիրները որտեղից են գալիս:

Անմիջապես օլիմպիական շրջափուլի մեկնարկին եք վերցնում թիմի ղեկը: Մտավախություն, անհանգստություն չկա՞, որ գուցե այս 4 տարիները չբավականացնեն ցանկալի արդյունքին հասնելու համար:

Սպորտի մեջ միշտ պետք է ռիսկով լինել, միշտ առաջ գնալու մասին մտածել: Ըմբշամարտում, յուրաքանչյուր մարզաձեւում հաղթանակին հասնելու համար պետք է առաջ գնալ. սա ամենակարեւոր որակներից մեկն է, ձգտում, աշխատանք եւ արդյունքը ուշացնել չի տա:

Ի՞նչ խնդիր է Ձեր առջեւ դրել ՀԱՕԿ նախագահը եւ Դուք ի՞նչ խնդիր եք դրել ինքներդ Ձեր առջեւ:

Օլիմպիական խաղերի մեդալ. սա առաջնահերթ իմ խնդիրն է եւ մեր համատեղ խնդիրը ՀԱՕԿ նախագահի հետ: Սպորտում ամենաբարձր արդյունքը Օլիմպիական խաղերի մեդալներն են եւ մենք ըստ ծրագրի գնալու ենք դեպի մեդալներ:

Օլիմպիական մեդալ խոստանո՞ւմ եք :

Իհարկե... Կաշխատեմ: Ձգտումս, ցանկությունս դա է: Ինձ թվում է՝ պետք է լինի, անպայման:

Դուք Հայաստանի վերջին եւ միակ ազատ ոճի ըմբիշն եք եղել, ում հաջողվել է օլիմպիական մեդալ նվաճել: Ըստ Ձեզ, ի՞նչն է եղել այս տարիների անհաջողությունների պատճառը:

Ես չեմ ցանկանում որեւէ մեկին քննադատել, թերագնահատել: Չեմ ցանկանում այս հարցի պատասխանը տալ, քանի որ բոլորն իմ ընկերներն են: Լավ, վատ կամ ինչու չի եղել, սա կլինի քննադատություն, չեմ ցանկանում որեւէ մեկին քննադատել:

Ի՞նչ ժառանգություն եք ստացել: Ի՞նչ գնահատական կտաք նրա այս տարիների աշխատանքին:

Սա նորից կլինի քննադատություն, եթե գնահատական տամ: Չեմ ուզում իմ ընկերներին վիրավորել, նրանք բոլորն էլ աշխատել են բարձր արդյունքների համար, բայց սա մեծ սպորտ է եւ անհաջողություններից երբեք ապահովագրված չես: Գուցե դու հրաշալի մարզավիճակում ես, բայց միամիտ ձեռքդ կոտրես եւ չկարողանաս կարիերադ շարունակել: Ամեն մարզիչ ինքը գիտի իր սխալները: Չի կարելի սպորտում գնահատական տալ: Ըմբիշներն ասում են՝ գնահատականը գոտեմարտից հետո, որովհետեւ սա վայրկյանների սպորտ է եւ վերջին մի քանի վայրկյանում կարող ես մի թեթեւ տեխնիկական սխալի պատճառով անդառնալի պարտություն կրել:

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...