15:18  ,  18 դեկտեմբերի, 2016

Հրաչյա Ռոստոմյան. Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի արդյունքներն արժանի են Գինեսի գրքում գրանցվելուն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն օրերս ամփոփեց օլիմպիական տարին՝ այն գնահատելով հաջողված: Մարմնամարզիկների արդյունքները 2015-2016-ին բարձրացել են:

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գնահատմամբ, սպորտային մարմնամարզությունն այժմ Հայաստանի երրորդ հենակետային մարզաձեւն է՝ ըմբշամարտից եւ ծանրամարտից հետո, եւ հետ է թողել բռնցքամարտն ու մյուս մարզաձեւերին:

Այս ամենի կողքին, Հայաստանի հենակետային մարզաձեւի առաջատարները մարզվում են կիսաքանդ մարզադպրոցում, հնամաշ ու կոտրված մարզագործիքների վրա: Հավաքականի գլխավոր մարզիչը, մարզիկները, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը պարբերաբար դժգոհում են մարզադպրոցի անմխիթար վիճակից: Իսկ կոտրված գործիքները մարզիկները փորձում են սեփական միջոցներով փոխել: Վերջերս Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայից սեփական միջոցներով բերել է զուգափայտ գործիքի փայտերը, որոնք ճեղքեր ունեին, անհավասար էին եւ վտանգավոր մարզիկների ու մարզվող երեխաների առողջության համար:

Թե ինչպես կլուծվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Այդ մարզադպրոցը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Այդ հարցին քաղաքապետարանն ավելի լավ կպատասխանի: Այն գործունեությունը, որն իրականացնում է այս մարզադպրոցը, այն արդյունքը, որը մենք ունենք այսօր, վստահ Գինեսի գրքում գրանցելու արժանի է: Ես թիմի հետ ներկա գտնվեցի այս տարվա Եվրոպայի առաջնությանը, որտեղ ունեցանք Եվրոպայի չեմպիոն եւ երեք փոխչեմպիոն, այդ օրերին ծանոթացա մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահի, փոխնախագահի հետ: Եվ երբ զրուցում էինք, բոլորը զարմացած նշում էին՝ Հայաստանը միակ երկիրն է, որը հրավիրված մարզիկ՝ լեգեոնական չուներ, բացառությամբ Ռուսաստանը եւ Ուկրաինան: Երբ ասացի, որ մեր հավաքականի անդամները բոլորը մի մարզադպրոցի սաներ են, մեր գործընկերների մոտ իսկական շոկ էր:

Ես տեղեկացված եմ մարզադպրոցի անմխիթար վիճակի մասին, գիտեմ նաեւ, որ ունենք 2-3 գործիք, որոնք կոտրված են: Այդ խնդրին պետք է լուծում տանք, անպայման՝ գործիքներ ձեռք բերենք: Խնդիր ունենք նաեւ սպորտային մարմնամարզության ազատ ոճի վարժության ցատկահարթակի հետ, որի առաձգականությունը քիչ է, այդ պատճառով միշտ խնդիր ենք ունենում այս վարժությունում: Դա էլ պետք է լուծենք:

Քաղաքապետարանին չենք սպասի, կփորձենք մեր ուժերով  օժանդակենք մարզադպրոցին, որովհետեւ դպրոցը ոչ միայն մարզադպրոց է, այլեւ կարելի է ասել՝ ֆեդերացիա: Պետք է ամեն ինչ անենք, որ մարմնամարզությամբ զբաղվողները եւ, իհարկե, հավաքականը ունենա մարզվելու համար բոլոր պայմանները: Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի մեծ մասը կազմակերպեց ՀԱՕԿ-ը, որպեսզի հավաքները անցկացնեն դրսում, մասնավորապես՝ Վրաստանում: Այնտեղ նորակառույց գերժամանակակից մարզաբազա կա: Կփորձենք լուծել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նորոգման եւ նոր մարզագույք ձեռ բերելու հարցը:

Խնդիր կա ոչ միայն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Վերանորոգման կարիք ունեն բազմաթիվ դպրոցներ: Ամեն ինչը կախված է ֆինանսական միջոցներից: Բացի ֆինանսները, ունենք մեկ ուրիշ խնդիր: Նախարարության ենթակայության տակ այս պահին գտնվում է 23 մարզադպրոց: Մնացած 150-160 դպրոցը նախարարության հետ որեւէ առնչություն չունեն: Մենք ուզում ենք ամբողջ Հայաստանով անկախ դպրոցների պատկանելիությունից, ուսումնամարզական գործընթացը ամբողջությամբ վերցնել սպորտի նախարարություն վերահսկողության տակ:

Դա կփորձենք իրականացնել 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Այս խնդիրը լուծելուց հետո նոր մենք կարող ենք առաջ շարժվել: Ունենք շատ լավ դպրոցներ, վերանորոգված, գերժամանակակից մարզագույքով, բայց դրանց ուսումնամարզական պրոցեսը խայտառակ վիճակում է, արդյունքները՝ 0 են: Անգամ Հայաստանի առաջնություններում երբեմն այդ մարզադպրոցներից ներկայացուցիչներ չեն լինում: Նախարարությունը որևէ լծակ չունի դրա վրա ազդելու: Մարզադպրոցները պատկանում են համայնքներին եւ որեւէ օրենք չկա, որ սպորտի նախարարությունը կարող է վերահսկել այդ դպրոցների գործունեությունը: Նպատակ չունենք մարզադպրոցները տեղափոխել նախարարության ենթակայության տակ, միայն ցանկանում ենք վերահսկել դրանց ուսումնամարզական պրոցեսը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս