17:48  +04,  13 դեկտեմբերի, 2016

Սպորտի նախարար. Կկոտրեմ ավանդույթը եւ տարին հայկական սպորտի համար կգնահատեմ գերազանց

Արսեն Ջուլֆալակյանի ձախողումը,  Արայիկ Բաղդադյան-մարզիչի տապալումը, Աղասի Աղասյան - Առաքել Միրզոյան - Վանիկ Ավետիսյան «ամենաուժեղների» պայքարի հանգուցալուծումը,  Կարեն Աղամալյանի՝ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «անտեղի» որոշումը:

Այս ամենի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր դիրքորոշումն է ներկայացրել սպորտի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որն ամփոփել է տարին:

Պարոն Ռոստոմյան, սեպտեմբերի 27-ից  Դուք կրկին սպորտի նախարար եք։ Տեւական դադարից հետո, կրկին վերադառնալով սպորտի նախարարի պաշտոնին, ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ պաշտոնում։

Շատ լավ։ Զբացողությունները շատ տարբեր են։ Առաջին անգամ, երբ նշանակվեցի սպորտի նախարար (2012թ. հուլիսի 16), 31 տարեկան էի։ Հիմա արդեն 35 տարեկան եմ։ Տարիքային առումով ըմբռնումներն ու զգացողությունները մեծ նշանակություն ունեն։ Այն ժամանակ լրիվ ուրիշ զգացողություններ ունեի․ մեկ ամիս անց նոր հասկացա, թե ինչ պատասխանատվության եւ ծանրաբեռնվածության տակ եմ մտել։ Երկրորդ անգամ ավելի պատրաստ էի այդ պատասխանատվությանը։

Դուք նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն եք։  ՄՕԿ-ը թույլատրո՞ւմ է պետական պաշտոնյային լինել նաեւ ԱՕԿ-ի ղեկավարությունում: Ինչպե՞ս եք համատեղում երկու պաշտոնները։

Դեռ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն եմ։ ՄՕԿ-ը թույլատրում է պետական պաշտոնյային լինել ԱՕԿ-ի ղեկավարությունում։ Շատ լավ է ստացվում համատեղել  այս երկու պաշտոնները, ոլորտը նույնն է։

Եթե այս հարցի պատասխանը լսեին ընտանիքիս անդամներն ու ընկերներս, կառարկեին․ այն ժամանակը, որ տրամարդում եմ երկու պաշտոնները համատեղելուն, գողանում եմ նրանցից։ Բայց ես եմ այդ ընտրությունն արել, ինձ ոչ ոք չի պարտադրել։

Ո՞ր պաշտոնում եք Ձեզ ավելի լավ զգում։

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում (ծիծաղում է): Իրականում, չեմ կարող տարանջատել այս երկու կառույցները եւ ասել, թե որ պաշտոնում եմ ինձ ավելի լավ զգում։ Ուղղակի սխալ է ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը տարանջատել, որովհետեւ մեկը մյուսին համալրող կառույցներ են, մասնավորապես, Հայաստանում։ Մեր իրականությունում ունեցանք այդպիսի մի իրավիճակ, որ ՀԱՕԿ-ն ու նախարարությունը գործեցին որպես առանձին կառույցներ։ Դա տեւեց 8 ամիս։ Ու հենց այդ պատճառով սպորտի նախարարությունը դարձավ «կույրաղիք»։ Բոլոր միջոցառումները կազմակերպում եւ անցկացնում էր ՀԱՕԿ-ը, սպորտի նախարարությունը այդ 8 ամսվա ընթացքում բացի կառավարության նիստին ներկա գտնվելուց որեւէ այլ գործունեությամբ չի զբաղվել, տեսանելի որեւէ բան չի արել։ Այդ ընթացքում ես ինքս ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն էի, չէի հեռացել ոլորտից, ձեռքս զարկերակի վրա էր։ 

Երկրորդ անգամ եք գլխավորում սպորտի նախարարությունը։ Ի՞նչ դրական եւ բացասական փոփոխություններ եք առանձնացրել Ձեզ համար ոլորտում։

Մեծ սպորտի արդյունքները խոսում են դրական փոփոխությունների մասին։ Այս քառամյա ցիկլը շատ հաջողված էր։ Անկախությունից հետո որեւէ քառամյա ցիկլում այսպիսի արդյունքներ չենք ունեցել․ աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոններ, մեդալակիրներ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, մեդալակիրներ։

Բացասական առումով նկատել եմ երեխաների հոսքի նվազում դեպի մարզադպրոցներ, մասնավորապես օլիմպիական մարզաձեւերում պակասել է մարզվողների քանակը։ Արդյունքները շեշտակի բարձրացել են, բայց դրան հակառակ մարզվողների քանակն է նվազել։ Պատճառներից մեկը չարաբաստիկ կարատեներն են։ Նախարարությունը դրանց նկատմամբ պատժամիոցներ է մշակում, ոլորտը պետք է հսկենք, ծնողներին հասկացնենք, որ այդ կարատեների 90 տոկոսը երեխաների առողջությանը վնաս են։ Այդ կարատեները մեր երեխաների ապագան են կոտրում, չգիտես ինչպես ու որտեղից անթիվ, անհամար աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ են ծնվում։ Բայց իրականում Հայաստանը կարատեից աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն չունի։

Ինչո՞ւ հենց  Ձեզ նշանակեցին սպորտի նախարարի պաշտոնում՝ որպես փորձ ունեցող եւ ոլորտին տիրապետող անձ, թե այլընտրանք չկար։

Այս հարցն ավելի ճիշտ կլինի տալ ինձ նշանակողներին։ Իմ կյանքում ես ուրիշ ոլորտում չեմ աշխատել, բացի սպորտից։ Որոշ ժամանակ զուգակցել եմ ստոմատոլոգիայի հետ, բայց մնացել եմ սպորտում։ 2006 թվականից սպորտի ադմինիստրատիվ աշխատանքով եմ զբաղվում։ Եվ աշխատանքով տարիների ընթացքում փորձել եմ ցույց տալ, որ մի բան հասկանում եմ ոլորտից։

Պարոն Ռոստոմյան, 2016-ն ամենաբարդ տարին էր սպորտի համար։ Ամփոփեք օլիմպիական տարին։  Ի՞նչ բացթողումներ ունեցանք Օլիմպիական խաղերում եւ օլիմպիական թիմում։

Շատ հաջողված տարի էր։ Հաղթանակների տարի էր։ Սպորտում գնահատում ենք բավարար եւ անբավարար։ Ես կկոտրեմ այդ ավանդույթը եւ տարին հայկական սպորտի համար կգնահատեմ գերազանց։ 33 օլիմպիականով հանդես եկանք, որն արդեն մեծ արդյունք էր։ Արդյունքները՝ անգնահատելի։  Բայց բացթողում էլ ունեցանք․ նախ Անդրանիկ Կարապետյանի արմունկի վնասվածքը։ Եթե վնասվածքը չլիներ ամենաքիչը բրոնզե մեդալ կունենայինք։

Հիմա արդեն Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է, իրեն լավ է զգում, արդեն աստիճանաբար բացում է արմունկը: Հիմա անցնում է հետվիրահատական շրջանը: Քաշային կարգը կփոխի, հանդե կգա 85 կգ քաշային կարգում, մկանային մեծ զանգված կհավաքի, որպեսզի ոսկորի վրա մեծ ծանրաբեռնվածություն չլինի: 

Վստահ եմ, որ Անդրանիկ Կարապետյանն իր խոսքը դեռ կասի մեծ սպորտում: Մի քանի օր կար, որ իրական սպասելիքներ ունեինք, բայց չարդարացվեցին. Արսեն Ջուլֆալակյանի մրցման օրն էր դրանցից մեկը: Մինչ օրս ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ օլիմպիական փոխչեմպիոնի հետ: Եվ մյուս անհաջողությունը Հարություն Մերդինյանինն էր. Փորձառու մարզիկ, ով եզրափակիչ դուրս եկավ, բայց չկարողացավ լիարժեք կատարել վարժությունը: Նա էլ էր մեդալի իրական հավակնորդ: Այսինքն մենք ոչ թե 4, այլ 7 մեդալ պետք է ունենայինք:

Սպասելիքներ ունեինք նաեւ ազատ ոճայիններից, որոնք վատ հանդես եկան եւ անբավարար է գնահատվել նրանց արդյունքները:

Ո՞ր մարզաձեւերի ֆեդերացիաների եւ գլխավոր մարզիչների աշխատանքը չգոհացրեց օլիմպիական տարում:

Չեն գոհացրել ազատ ոճայինները, ձյուդոն եւ հրաձգությունը: Լողն ու աթլետիկան գնահատում ենք դրական: Համակարգային փոփոխություն կլինի ազատ ոճայինների հավաքականում: Այստեղ խնդիր ունենք ոչ միայն մարզիչի, այլեւ ամբողջ համակարգի: Ինչ-որ մի բան սխալ է գնում:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին եւս մեկ հնարավորություն կտրվի՞:

Դժվար… Չեմ կարող ասել: Հունվարին ամեն ինչ պարզ կլինի, բայց որ գնահատվել է անբավարար, դա փաստ է:

Բռնցքամարտում փոփոխություններն արդեն տեղի են ունեցել՝ Կարեն Աղամալյանին փոխարինեց Դավիթ Թորոսյանը։ Արդարացվա՞ծ եք համարում Կարեն Աղամալյանին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելը։

Հենց սկզբից դեմ էի մարզիչի փոփոխություններին, նախքան Կարեն Աղամալյանին նշանակելը: Բայց փաստն այն է, որ երբ Կարեն Աղամալյանն ընդունեց թիմը, ոչ մի օլիմպիական վարկանիշ բռնցքամարտիկները չունեին: Ու միանգամից 5 ուղեգիր: Դավիթ Թորոսյանի վերանշանակման դրական ու բացասական կողմերը ցույց կտա ժամանակը: Եթե Դավիթ Թորոսյանը պետք է աշխատի նույն ոճով, ինչպես մինչեւ հեռացվելն էր աշխատում, մինչեւ Եվրոպական խաղերը, ես այստեղ լուրջ մտահոգվելու առիթ եմ տեսնում:

Բռնցքամարտում մտահոգվելու շատ տեղ ունենք: Խնդիրները հնուց են գալիս. Բռնցքամարտում շարունակվում էին բարեկամ-հարեւան հարաբերություններով Հայաստանի առաջնությունից բժշկի թղթով ազատվել, ապա գնալ Եվրոպա ու պարտվել: Իսկ երբ հարցնում էինք՝ ինչու հենց այդ մարզիկը գնաց Եվրոպա, ասում էին` «մեր լավ ախպոր ախպերն ա»…

Հիմա թույլ չենք տալիս նման երեւույթներ, միակ խնդիրը, որ Հայաստանում անհիմն տարաձայնությունների ու քննադատությունների ալիք է բարձրացրել, ծանրորդներ Առաքել Միրզոյանի, Աղասի Աղասյանի եւ Վանիկ Ավետիսյանի անվան շուրջ խոսակցություններն են, թե ինչու Առաքելին տարանք Ռիո եւ ոչ Աղասի Աղասյանին: Մեդալի ակնկալիք չունեինք այս մարզիկներից: Բայց մեզ պետք էր 5-րդ օլիմպիական: Աղասի Աղասյանը առաջընթաց չուներ: Եվ եթե նա ասում է 85 կգ քաշային կարգում ինքն է ուժեղագույնը, Հայաստանի չեմպիոնը, սխալվում է. Այդ քաշային կարգում Հայաստանի ուժեղագույնն ու չեմպիոնը Անդրանիկ Կարապետյանն է , երկրորդ տեղում Տիգրան Մարտիրոսյանը: Մենք տատանվում էինք ոչ թե Առաքել Միրզոյան - Աղասի Աղասյան մարզիկների, այլ Առաքել Միրզոյան - Վանիկ Ավետիսյանի վրա: Եվ եթե հիմա ընտրությունն անեինք, վերլուծելով Ռիո-2016-ը, միանշանակ Վանիկ Ավետսիսյանը պետք է մեկներ Ռիո:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ