18:18  ,  6 դեկտեմբերի, 2016

Տարվա ամփոփում. Հարություն Մերդինյանի եւ Հուռի Գեբեշյանի «ձեռագրով»

2016 թվականը յուրահատուկ տարի էր՝ լավագույն արդյունքներով եւ Հուռի Գեբեշյանով: Օլիմպիական խաղերից մեդալով չվերադարձանք, բայց մեր ձեռագիրը թողեցինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքանի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով 2016 թվականը։

Պարոն Սերոբյան, ինչպիսի՞ն էր օլիմպիական տարին:

Տարին սկսեցինք շատ հաջող՝ աշխարհի գավաթի խաղարկություն, ապա Եվրոպայի առաջնություն: Տարին շատ լավ սկսեց Հարություն Մերդինյանը՝ դառնալով աշխարհի գավաթակիր: Հաջողությունը շարունակվեց Եվրոպայի առաջնությունում, որտեղ ունեցանք աննախադեպ արդյունք՝ 4 մեդալակիր, ինչը երբեւէ չի եղել սպորտային մարմնամարզության Հայաստանի պատմության մեջ: Եվրոպայի չեմպիոն եւ երեք փոխչեմպիոն չէինք ունեցել երբեք ու կարծում եմ՝ չենք ունենա:

Ընթացքը շատ լավ էր, բայց Օլիմպիական խաղերում մեր սպասելիքները չարդարացան: Օլիմպիական խաղերից մենք մեր մասնակցությունից դժգոհ մնացինք: Մենք ունեինք մեդալ նվաճելու հնարավորություն, բայց վերջում Հարություն Մերդինյանը հանձնվեց: Լավ պատրաստված էինք, բայց Հարություն Մերդինյանը հոգեբանորեն պատրաստ չէր Օլիմպիական խաղերին: Մեդալի հավակնորդ մարզիկը մարզումների ընթացքում հրաշալի էր կատարում վարժությունը, իսկ մրցումների ժամանակ հանձնվում էր: Ոչ հոգնածությունն էր, ոչ ֆիզիկական պատրաստվածության խնդիրը: Հարութին մեդալ նվաճելու համար խանգարեց հոգեբանական լարվածությունը, ինչի պատճառով չպայքարեց մինչեւ վերջ:

Արթուր Դավթյանն այս տարի իրեն գերազանցեց: Որպես մարզիչ, նրանից շատ գոհ եմ: Արթուր Դավթյանն իր առջեւ դրված խնդիրը կատարեց: Տարվա սկզբից նրա առջեւ խնդիր կար դրված նվաճել օլիմպիական ուղեգիր: Օլիմպիական մեդալի պահանջ չկար: Բայց նա կարող էր եզրափակիչ մտնել: Արթուր Դավթյանը լարվածություն չուներ, չեմ կարող ասել, որ նրան հոգեբանական լարվածությունը խանգարեց: Ծնկի խնդիր ուներ, բայց այդքան էլ նրան չխանգարեց: Օլիմպիական խաղերում 11-րդ տեղ գրավելը մեծ արդյունք է: Մեդալի համար Արթուրին շատ մեծ պայքար էր սպասվում: Մենք գիտակցում էինք, որ մեդալի շանս ունի միայն Հարություն Մերդինյանը:

Այս տարի հավաքականից փայլեց նաեւ Վահագն Դավթյանը՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Ինչո՞վ առանձնացավ տարին նրա համար:

2016 թվականը Վահագն Դավթյանի մարզական կարիերայի ամենալավ տարին էր: Եվրոպայի արծաթե մեդալակիր լինելը նրա ամենաբարձ նվաճումն է առայժմ: Եվրոպայի առաջնության եզրափակչում նրան հարցրեցի՝ պատկերացնում ես՝ մեդալ նվաճես: Ասաց՝ գոնե երրորդ տեղի մեդալը վերցնեմ, ամենաերջանիկը կլինեմ: Ու նվաճեց արծաթե մեդալը: Վահագն Դավթյանն օղակների վարժության ուժեղագույն մարմնամարզիկներից է աշխարհում: Բայց ունի թերություններ, որոնք պետք է մինչեւ 2020 թվականը շտկենք: Վահագն Դավթյանին էլ ենք նախապատրաստելու Օլիմպիական խաղերին: Արդեն 2017-ին նոր տարրի վրա պետք է աշխատենք, որը կգրանցենք նրա անունով, եւ սա կլինի թվով երկրորդ տարրը Վահագն Դավթյանի անունով:

Հավաքականի մյուս մարզիկները պատրա՞ստ են Տոկիո-2020-ի օլիմպիական թիմ ընդգրկվել: 

Արթուր Թովմասյանը ծնկի խնդիր ուներ, որի վիրահատությունն արդեն արվել է: Այժմ հետվիրահատական փուլում է եւ աստիճանաբար վերականգնվում է: Կարծում եմ՝ 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի: Վիգեն Խաչատրյանը դեռեւս երիտասարդ է, մեր թիմին օգուտ կտա բազմամարտում: Նույնը եւ Եվրոպայի փոխչեպմիոն Արթուր Ավետիսյանը եւ Արմեն Պետրոսյանը: Բոլորն էլ քառամյա ցիկլում փորձարկվելու են, բոլորին հնարավորություն տրվելու է պայքարել օլիմպիական վարկանիշների համար:

Ի դեպ, մեր մարզաձեւում նոր օրենքներ են կիրառվելու, ըստ կանոնակարգի ամեն 4 տարին մեկ փոփոխություններ են լինում: Ըստ նոր օրենքի, որը դեռեւս վերջնական չէ, օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը կրկնակի բարդանում է: Վերջին երկու տարվա աշխարհի գավաթների միավորների գումարով եւս հնարավոր է օլիմպիական վարկանիշ նվաճել: Քանի որ աշխարհի առաջնությունում շատ բարդ է մրցանակային տեղ զբաղեցնելը, պետք է փորձենք օլիմպիական միավորներ վաստակել աշխարհի գավաթի խաղարկություններում:

Սպորտի նախարարությունն ի՞նչ գնահատական տվեց մարմնամարզիկների օլիմպիական մասնակցությանը:

Հաշվետվության ժամանակ ես ինքսը մեր մասնակցությունը գնահատեցի անբավարար, բայց ի հակառակ մեզ, նախարարությունը գնահատեց բավարար: Նշանակում է՝ գոհացրել ենք: Ես միայն ներկայացրի, թե մեզ ինչն էր պակասում, ինչու մեդալ չունեցանք, լսվեց մեր խնդիրները եւ այժմ սպորտի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ տալիս են մեր խնդիրներին լուծումներ: Մենք ոչնչից եւ ոչ ոքից չենք բողոքում, միայն ասում ենք, թե մեզ ինչերն են պակասում՝ գործիքները, դահլիճը, գումարը... Այս ամենի առկայության շնորհիվ արդյունքներն առավել կլինեն: Բյուջեն ավելացավ, մնում է՝ գործիքներն ու դահլիճ: Պետք է շարունակենք մեզ ինքնաքննադատաբար վերաբերվել, սխալները հասկանալ, շտկել ու շարունակել, մինչեւ հասնենք մեր ուզած արդյունքներին:

Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը Ձեզ համար նախորդ տարիների համեմատ:

Յուրահատուկ տարի էր, բարձր արդյունքների ու հաջողությունների տարի էր: 2015-ն էլ առանձնացավ մեդալներով, աշխարհի առաջնության մեդալով, բայց այս՝ օլիմպիական տարում մենք ինքներս եւ բոլորն են զարմացած մարմնամարզիկների արդյունքներով՝ Եվրոպայի առաջնություն՝ 4 մեդալ, երկու օլիմպիական, Օլիմպիական խաղերում լավագույն 5-րդ տեղ, մեզ համար մեծ արդյունք՝ 11-րդ տեղ: Այս տարի մեր բյուջեն 20 միլիոն դրամով ավելացավ, ինչի համար շնորհակալ ենք սպորտի նախարարությանը: Այսինքն՝ նախորդ 21 միլիոնին գումարվել է 20 միլիոնը եւ արդեն մեզ կարող ենք թույլ տալ շատ մրցաշարերի եւ, հատկապես, աշխահի գավաթի խաղարկության բոլոր մրցաշարերին մասնակցել:

Այս տարին Հայաստանի մարմնամարզության համար առանձնահատուկ դարձավ նաեւ Հուռի Գեբեշյանով: Նա պարբերաբար գրում է եւ շնորհակալություն հայտնում, բայց իրականում մենք եւս պետք է շնորհակալ լինենք նրան այս լավ մասնակցության, Օլիմպիական խաղերում մեծ անուն թողնելու, նոր տարրի համար: Զարմանալի հետք թողեց Հուռի Գեբեշյանը հայկական սպորտի, հայ մարզիկների մասին իր մասնակցությամբ: Կարծում եմ՝ շատ եզրափակիչ դուրս եկած մարմնամարզուհիներ այդքան չհիշվեցին ու չսիրվեցին, ինչպես Հուռին: Շատ կուզեմ, որ նա մեծ հետեւորդներ ունենա եւ օրինակ լինի մեր մարմնամարզուհիների համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս