19:09  +04,  1 դեկտեմբերի, 2016

ՀԲՖ նախագահ. Օլիմպիական մեդալ չնվաճելը մի արդարացրեք փորձի պակասով

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դեկտեմբերի 1-ին անցկացրեց 9-րդ համագումարը, որի ընթացքում ներկայացվեց մեծահասակների եւ երիտասարդական հավաքականների օլիմպիական տարվա ամփոփումը եւ մեծահասակների նոր գլխավոր մարզիչը՝ Դավիթ Թորոսյանը, ով փոխարինեց Կարեն Աղամալյանին:

Արթուր Գեւորգյանը տարին գնահատեց ստացված: Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կարեն Աղամալյանին Դավիթ Թորոսյանով փոխարինելը մեկնաբանեց արդյունքների բացակայությունով:

«Իմ կարծիքով տարին ստացված էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցեցինք 5 օլիմպիականով: Մեծ հաշվով թիմում չունեինք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ վերադառնալու ենք մեդալներով, սակայն տղաներն ունեին այդ հնարավորությունը:

Ունենք որդեգրած քաղաքականություն՝ նոր մարզիչներին աշխատելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն ենք տալիս: Իսկ եթե չկա արդյունք, ուրեմն՝ բարի ճանապարհ: Կարեն Աղամալյանին տրվեց այդ հնարավորությունը, բայց գլխավոր մարզիչն ինքն իրեն չգերազանցեց: Ես չեմ բավարարվում եղածով եւ ավելին եմ ցանկանում եւ պահանջում: Պետք է գտնել լավագույն մեկին, ով իր հետեւից կտանի ամբողջ թիմին: Իսկ մեր հաջորդ նպատակը Տոկիո-2020-ից մեդալով վերադառնալն է: Դավիթ Թորոսյանին տրվում է հնարավորություն հասնել այդ գերնպատակին»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Սակայն նախքան նոր մարզիչի անունը հայտարարելը, Արթուր Գեւորգյանը Կարեն Աղամալյանից հաշվետվություն պահանջեց: Կարեն Աղամալյանի խոսքով, օլիմպիական տարին հաջողված էր, միայն չբավարարեց օլիմպիական մեդալը:

«Մարզիկները շատ լավ նախապատրաստական փուլ անցան Ռիոյից առաջ, լավ մարզավիճակ ունեին, մենք ամեն ինչ արել ենք ըստ պլանավորածի: Բայց արդյունքը եղավ այն, ինչ եղավ, առանց մեդալի վերադարձանք: Ես չեմ կարող անբավարար համարել մեր համատեղ աշխատանքը հավաքականի տղաների հետ, մեկի մոտ լավ ստացվեց, մյուսի մոտ վատ: Ես իմ գործն արել եմ ճիշտ եւ մեծ նվիրումով: Թե ինչպես է գնահատվում իմ աշխատանքը, թողնում եմ ֆեդերացիայի գործկոմի որոշմանը»,- ամփոփեց Կարեն Աղամալյանը:

Արդեն նախկին գլխավոր մարզիչի հաշվետվությունից հետո միայն ՀԲՖ նախագահը համարձակություն ունեցավ հարց ուղղելու Կարեն Աղամալյանին այն մասին, թե ամեն դեպքում ինչը խանգարեց հավաքականի թիմի մարզիկներին մեդալ չնվաճելու համար:

«Օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է ունենա միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնության մեծ փորձ, տարիների փորձ, որպեսզի հավակնի օլիմպիական մեդալի: Փորձից նաեւ արդյունք: Բայց մեր թիմում այդպիսիք չունեինք: Մեկի մոտ լավ ստացվեց, մյուսի մոտ՝ վատ: Բայց այդ փորձի պակասի բացակայությունը զգացվեց: Մենք ունեինք այն, ինչ ունեինք: Ես չէի կարող տղաներից ավելին պահանջել»,- պատասխանեց նախկին մարզիչը:

Կարեն Աղամալյանի պատճառաբանությունը ՀԲՖ նախագահին դուր չեկավ:

«Կխնդրեի երբեւիցե փորձի պակասի անուն չտալ: Ռիոյում եղավ դեպք, որ 17 տարեկան բռնցքամարտիկը, որն ուներ ընդամենը 8 միջազգային մրցաշարերի փորձ, եկավ եւ դարձավ օլիմպիական մեդալակիր: Մեր մարզիկները երբեւէ փորձի պակաս չեն ունեցել: Փորձը ձեռք են բերել մարզումների ժամանակ, ընկերական հանդիպումների ժամանակ, հավաքներում: 10 տարի մարզադահլիճում մարզվող մարզիկը չի կարող եւ իրավունք չունի փորձի պակաս ունենալ»,- զայրացավ Արթուր Գեւորգյանը: 

Հաշվետվությամբ հանդես եկավ նաեւ երիտասարդական հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանը:

«Տարին հագեցած էր մրցաշարերով, տղաները շատ լավ մասնակցություններ ունեցան: Տղաներից ընդհանրապես դժգոհ չեմ, մրցումների ժամանակ տղաներն իրենց լավ դրսեւորեցին, ցուցաբերեցին մարտական ոգի»,- ներկայացրեց Վազգեն Բադալյանը:

Արթուր Գեւորգյանը կրկին մեղադրական տոնով հետաքրքրվեց, թե ինչու երիտասարդական հավաքականն էլ աշխարհի առաջնությունից վերադարձավ առանց մեդալի:

«Ուսումնամարզական պրոցեսում ոչ մի խնդիր չենք ունեցել: Մեզ խանգարեց որակը: Հայաստանի առաջնությունից հետո ինձ շատերը մոտեցան եւ ասացին՝ ցավակցում ենք... Այն որակը, որը գալիս է տներից, մենք չենք հասցնում մեկ տարվա ընթացքում բարձրացնել: Ուժեղագույն մարզիկներ ունենք, բայց որակ չունենք: Ինչ ասեմ...Ինչ-որ բան միշտ մեր մարզիկներին խանգարում է եւ իմ կարծիքով դա որակի բացակայությունն է»,- պատասխանեց Վազգեն Բադալյանը:

Արթուրը Գեւորգյանը դժգոհեց մարզիչների հանձնարարականներից:

«Երբերմն մարզիկներն անձամբ ինձ հետ են զրուցում եւ հայտնում, թե մարզիչների, մարտավկաների կողմից ինչ հանձնարարականներ են ստանում մրցումների ժամանակ եւ ռինգում աշխատում այնքան, որքան պահանջում եւ հանձնարարում է անկյունի մարզիչը: Իսկ այստեղ մենք թերանում ենք: Ես չեմ ասում, դուք վատ եք աշխատում, մենք քննարկում ենք»,- ասաց ՀԲՖ նախագահը:

Վազգեն Բադալյանն էլ արդարացավ, որ մարզիկները ստանում են այնքան հանձնարարականներ, որքան ներում է նրանց հնարավորությունը:

Կարգապահական խախտումների պատճառով նիստում քննարկման էր դրված երեք մարզիչի որակազրկման հարց: Արթուր Գեւորգյանը կարգապահական հանձնաժողովի նախագահին թույլ չտվեց մանրամասնել հայ մարզիչների, մարզիկների, մարտավկաների կարգազանցությունները՝ նկատելով, որ նիստին մասնակցում են լրագրողներ եւ կարիք չկա «կեղտոտ անկողինն ի ցույց դնել»: Քվեարկության էր դրված մարզիչներ եւ մարտավկաներ Էդուարդ Կոստանյանի, Արթուր Ուլիխանյանի եւ Գարիկ Բաղդասարյանի որակազրկման հարցը: Քվեարկության արդյունքում Էդուարդ Կոստանյանը չորակազրկվեց, Արթուր Ուլիխանյանը որակազրկվեց երկու տարի ժամկետով, իսկ Գարիկ Բաղդասարյանը մեկ տարի ժամկետով: Մարզիչները հնարավորություն չեն ունենա միջազգային մրցաշարերում մարզիկներ ներկայացնել, մարտավկա լինել: Բայց նրանց սանեը հնարավորություն կունենան հանդես գալ մեկ այլ մարզիչի անունից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով